Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն Theodore Roosevelt ավիակրից ինքնաթիռների մի մասը տեղափոխել է մերձավորարևելյան ռազմակայան. AP

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Theodore Roosevelt ավիակրից ինքնաթիռների մի մասը տեղափոխել է մերձավորարևելյան ռազմակայան. AP

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ տասնյակ F/A-18 կործանիչներ և E-2D Hawkeye վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով հետախուզական ինքնաթիռներ Օմանի ծոցում Theodore Roosevelt ավիակրից տեղափոխվել են Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից մեկը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը (AP)՝ վկայակոչելով ամերիկացի մի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ կործանիչների տեղակայումը ժամանակավոր կլինի, քանի որ F-22 կործանիչների ավիաջոկատն Ալյասկայից ուղևորվում է նույն ռազմակայան։ Շուրջ տասը F-22-ներ Մերձավոր Արևելք կհասնեն առաջիկա օրերին։

Առայժմ պարզ չէ, թե որքան ժամանակ բոլոր ինքնաթիռները միասին կմնան բազայում. դա կարող է կախված լինել այն բանից, թե ինչ տեղի կունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում, եթե ինչ-որ բան ընդհանրապես տեղի ունենա, նշում է AP-ն:

Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը լրագրողներին ասել էր, որ հաշվի առնելով Իրանի, ՀԱՄԱՍ և «Հեզբոլլահ» խմբավորումների կողմից հնչող սպառնալիքները՝ ԱՄՆ-ն կամրապնդի Մերձավոր Արևելքում տեղակայված ուժերի խմբավորումը՝ տարածաշրջանում և Իսրայելում ամերիկյան զորքերին պաշտպանելու համար։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է անցյալ շաբաթ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց մահվան համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում