Բլինքենը G7-ին հայտնել է, որ Իրանը և «Հեզբոլլահ»-ը կարող են առաջիկա 24 ժամում հարվածել Իսրայելին. Axios

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ յոթնյակի (G7) արտգործնախարարներին ասել է, որ Իրանը և շիա «Հեզբոլլահ» շարժումը կարող են հարձակում սկսել Իսրայելի վրա առաջիկա 24-48 ժամվա ընթացքում, այսինքն՝ հնարավոր է նաև օգոստոսի 5-ին։ «Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ այս  մասին հայտնում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների՝ Բլինքենը հեռախոսազրույց է նախաձեռնել G7-ի իր գործընկերների հետ՝ փորձելով վերջին պահին հասնել դիվանագիտական ​​ճնշման Իրանի և «Հեզբոլլահ»-ի վրա՝ նվազագույնի հասցնելու նրանց հարվածի մասշտաբները։ 

Իրանը խոստացել է վրեժ լուծել հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար, որին նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը։

Զրույցում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հնարավոր հարձակման հետևանքները մեղմելը լավագույն միջոցը կլինի տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար։

Ըստ աղբյուրների՝ Բլինքենը համոզված է, որ Իրանը և «Հեզբոլլահ»-ը հարվածելու են հրեական պետությանը, սակայն պարզ չէ, թե կոնկրետ ինչ ձևով կիրականացվի հարձակումը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը փորձում է հնարավորինս սահմանափակել այս հարձակումը, իսկ հետո մեղմացնել Իսրայելի հնարավոր պատասխանը դրան։

Բլինքենը G7-ի արտգործնախարարներին խնդրել է դիվանագիտական ճնշում գործադրել Իրանի, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի վրա, որպեսզի նրանք առավելագույն զսպվածություն պահպանեն։

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարը նաև հիասթափություն է հայտնել այն ազդեցության առնչությամբ, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումն ունեցել է Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների վրա։ Բլինքենը նշել է, որ Հանիյեի սպանությունից առաջ կողմերը շատ մոտ էին գործարքի կնքմանը։

Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել G7-ի արտգործնախարարների հետ։ Ըստ հայտարարության՝ G7-ի արտգործնախարարները կոչ են արել բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։ 

Հայերեն English Русский Türkçe

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս