Իրան

Բլինքենը G7-ին հայտնել է, որ Իրանը և «Հեզբոլլահ»-ը կարող են առաջիկա 24 ժամում հարվածել Իսրայելին. Axios

3 րոպեի ընթերցում

Բլինքենը G7-ին հայտնել է, որ Իրանը և «Հեզբոլլահ»-ը կարող են առաջիկա 24 ժամում հարվածել Իսրայելին. Axios

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ յոթնյակի (G7) արտգործնախարարներին ասել է, որ Իրանը և շիա «Հեզբոլլահ» շարժումը կարող են հարձակում սկսել Իսրայելի վրա առաջիկա 24-48 ժամվա ընթացքում, այսինքն՝ հնարավոր է նաև օգոստոսի 5-ին։ «Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ այս  մասին հայտնում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների՝ Բլինքենը հեռախոսազրույց է նախաձեռնել G7-ի իր գործընկերների հետ՝ փորձելով վերջին պահին հասնել դիվանագիտական ​​ճնշման Իրանի և «Հեզբոլլահ»-ի վրա՝ նվազագույնի հասցնելու նրանց հարվածի մասշտաբները։ 

Իրանը խոստացել է վրեժ լուծել հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար, որին նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը։

Զրույցում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հնարավոր հարձակման հետևանքները մեղմելը լավագույն միջոցը կլինի տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար։

Ըստ աղբյուրների՝ Բլինքենը համոզված է, որ Իրանը և «Հեզբոլլահ»-ը հարվածելու են հրեական պետությանը, սակայն պարզ չէ, թե կոնկրետ ինչ ձևով կիրականացվի հարձակումը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը փորձում է հնարավորինս սահմանափակել այս հարձակումը, իսկ հետո մեղմացնել Իսրայելի հնարավոր պատասխանը դրան։

Բլինքենը G7-ի արտգործնախարարներին խնդրել է դիվանագիտական ճնշում գործադրել Իրանի, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի վրա, որպեսզի նրանք առավելագույն զսպվածություն պահպանեն։

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարը նաև հիասթափություն է հայտնել այն ազդեցության առնչությամբ, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումն ունեցել է Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների վրա։ Բլինքենը նշել է, որ Հանիյեի սպանությունից առաջ կողմերը շատ մոտ էին գործարքի կնքմանը։

Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել G7-ի արտգործնախարարների հետ։ Ըստ հայտարարության՝ G7-ի արտգործնախարարները կոչ են արել բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում