ԵՆԲ-ի հետ համագործակցությամբ Ակբա բանկը 55 միլիոն եվրո կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկը Հայաստանի առևտրային բանկերի շարքում առաջինն է, որ ուղիղ համագործակցություն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ՝ ԵՆԲ Գլոբալից (ԵՆԲ զարգացման մասնաճյուղ) ներգրավելով 55 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա բանկից, ներգրավված միջոցներն Ակբա բանկը կուղղի Հայաստանում մանր, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։

Համագործակցությունը հիմնված է ԵՆԲ Գլոբալի հանձնառության վրա՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը և խթանելու մասնավոր հատվածի աճը և աշխատատեղերի ստեղծումը: ԵՆԲ Գլոբալից ներգրավված միջոցներն Ակբա բանկի կողմից կուղղվեն տեղական մասնավոր հատվածին՝ խթանելով տնտեսական զարգացումն ու ներդրումները: Ակնկալվում է նաև, որ ավելի քան 200 ՓՄՁ-ներ, որոնց թվում հատուկ ուշադրության են արժանանալու կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները, կօգտվեն այս հնարավորությունից՝ ապահովելով նաև լրացուցիչ աշխատատեղեր:

«Ուրախ ենք Ակբա բանկի հետ գործընկերություն մեկնարկելու առիթով։ Մեր նպատակն է նպաստել ուժեղ և դիմացկուն տնտեսությունների կայացմանը, որոնք նաև աշխատատեղեր են ստեղծում։ Այս համագործակցությունը կնպաստի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների աճին և մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ երկրի գյուղական շրջաններում, և կխթանի ձեռներեցությունը՝ համաձայն Եվրամիության և Հայաստանի առաջնահերթությունների»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։

«Ակբա բանկն այս պահին Հայաստանի առևտրային բանկերի շրջանում առաջին ուղիղ և խոշոր համագործակցությունն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ ներգրավելով 55 միլիոն եվրո։ Ակբան ամբողջ Հայաստանում մանր, փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների առաջատար ֆինանսավորողներից մեկն է, և այս միջոցների ներգրավումը մեզ թույլ կտա լրացուցիչ խթան հաղորդել ՄՓՄՁ-ների զարգացմանը։ Մեզ համար առաջնային նպատակ է ՄՓՄՁ-ների զարգացմանը նպաստելը, քանի որ վերջիններս համարվում են մեր երկրի տնտեսության շարժիչ ուժը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները՝ ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժևորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը և աջակցությունը տեղական բիզնեսներին»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը:

Եվրոպական ներդրումային բանկի և ԵՆԲ Գլոբալի մասին

Եվրոպական ներդրումային բանկը Եվրոպական Միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա և շրջակա միջավայր, ՓՄՁ-ներ։

ԵՆԲ Գլոբալը Եվրոպական ներդրումային բանկի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունները և զարգացման ֆինանսավորման ազդեցությունը։ Team Europe-ի կազմում ԵՆԲ Գլոբալը խթանում է ուժեղ, կենտրոնացած համագործակցություններ՝ գործակցելով այլ զարգացման ֆինանսավորման հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ սերտորեն աշխատելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ։ ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խմբին տեղի մարդկանց, ընկերություններին և հաստատություններին ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որն ընդգրկում է նաև Հայաստանը։

Ակբա բանկի մասին

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5600 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն English Русский

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ազգային երգ ու պար Օձունում․ օգոստոսի 2-ին կանցկացվի «Ճախրուկ» ներառական փառատոնը

Մարտունիի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին

Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների համար կկառուցվեն նոր շենքեր

Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան

Աշխարհում առաջին անգամ Աբու Դաբիում դատական ոլորտում կներդրվի արհեստական բանականություն

Սևանում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագիրը մեկ տարվա ընթացքում հաջող արդյունքներ է գրանցել

Սևանցի ծանրորդները երկու մեդալ են նվաճել Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունում

Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․ բյուջեից կպահանջվի 30 մլրդ դրամ