Եվրոպա

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

2 րոպեի ընթերցում

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Դանուբը, որը Եվրոպայի ջրային տրանսպորտային կարևորագույն զարկերակն է, լուրջ հետևանքներ է կրել ամառային ծայրահեղ երաշտի և տեղումների երկարատև բացակայության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է սերբական RTS հեռուստառադիոալիքը։

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ Վոյվոդինայում (Սերբիայի և Հունգարիայի սահմանին) գտնվող «Բեզդան» չափիչ կայանը գրանցել է ջրի մակարդակի հերթական պատմական նվազագույն ցուցանիշը՝ սովորականից 173 սանտիմետրով ցածր։

«Սա նոր պատմական նվազագույն ցուցանիշ է՝ Դանուբի ամենացածր գրանցված մակարդակն այս կայանում», - իրադրությունը մեկնաբանել է «Վոդե Վոյվոդինա» պետական ​​ձեռնարկության տնօրենի պաշտոնակատար Իգոր Կոլակովիչը։

Նա նշել է, որ օգոստոսին պատմական նվազագույն ցուցանիշներ գրանցվել են երկու անգամ (169 սանտիմետրով ցածր), ինչը նշանակում է, որ Դանուբի ներկա վիճակն ավելի վատ է, քան մեկ ամիս առաջ էր։

Կոլակովիչի խոսքով՝ բարդ իրավիճակ է ստեղծվել նաև Տիսա գետի վրա։

«Վերջին օրերին մենք այնտեղ նույնպես խնդիրների ենք բախվել, քանի որ Տիսայի ջրահոսքը նույնպես պատմական նվազագույն մակարդակի վրա է. այն մոտեցել է կենսաբանական նվազագույնին», - ասել է նա։

RTS-ը նշում է, որ Սերբիայի մի շարք տարածաշրջաններում էքսկավատորներ են ուղարկվել գետի հունը խորացնելու նպատակով. ջրամատակարարման հետ կապված խնդիրները մեղմելու համար գործի են դրվել լրացուցիչ պոմպեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում