Քաղաքականություն

Զուրկ գիտական հիմքից. ադրբեջանական պետական քարոզչությունը տեղ է գտել նաև Վատիկանի պաշտոնաթերթում

4 րոպեի ընթերցում

Զուրկ գիտական հիմքից. ադրբեջանական պետական քարոզչությունը տեղ է գտել նաև Վատիկանի պաշտոնաթերթում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի պաշտոնաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ ԼՂ-ի հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն, զուրկ է գիտական հիմքից և հակասում է գիտականության չափանիշներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ ադրբեջանական պետական քարոզչությունը տեղ է գտել նաև Վատիկանի պաշտոնաթերթում: 

«Վատիկանի «L'Osservatore Romano» պաշտոնաթերթը վերջերս հրատարակեց մի հոդված՝ «A Khudavang, Ganjasar e Khatiravang Monasteri tra le nuvole» վերնագրով, որտեղ հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն։ Նյութի հեղինակը Ռոսելլա Ֆաբիանին է, ով հոդվածում խոսում է Ադրբեջան կատարած իր այցելությունների մասին և նշում, որ այցելել է «Garabagh» (ընդգծումը՝ հոդվածից), ծանոթացել «աղվանական ժառանգության» նշանավոր վանքերին։ 

Հարկ է նշել, որ հոդվածը զուրկ է գիտական հիմքից և հակասում է գիտականության չափանիշներին՝ հիմնված լինելով միայն հեղինակի դիտարկումների և տպավորությունների վրա։ Անգամ հոդվածի վերնագրում հայկական հուշարձանների ադրբեջանականացված անվանումների օգտագործումը ցուցում է, որ ադրբեջանական պետական քարոզչությունը տեղ է գտել նաև Վատիկանի պաշտոնաթերթում»,- նշված է Հիմնադրամի հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման այս մեխանիզմը միջազգային նոր հարթակներ է գրավում, ինչի հիմքում, բնականաբար, Ադրբեջանի հարուստ նավթարդյունաբերությունն ու պետության կողմից հսկայական գումարների ներդրումն է միջազգային կառույցների և կազմակերպությունների գործունեության մեջ։ 

«Ադրբեջանը պատմակեղծարարությունը դարձրել է ոչ միայն պետական քաղաքականություն, այլև միջազգային հարթակներից հնչող տեսություն։ Բաքուն մի կողմից իբրև թե կերտում է իր «բազմամշակութային և ժողովրդավար» կերպարը, մյուս կողմից «միջազգայնացնում» է հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմները։ Ընդամենն ամիսներ առաջ, այսպես կոչված, «աղվանական ժառանգության» ֆոտոցուցահանդես կազմակերպվեց Լեհաստանում, որտեղ կրկին Ադրբեջանի դեսպանատունն ուներ իր ակտիվ ներգործությունը։ Այս ամբողջը վտանգավոր հող է պատրաստում հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրման, պատմական փաստերի կեղծման և միջազգային հարթակների միջոցով այդ թեզերի տարածման համար»,- եզրափակվում է հայտարարությունը: 

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է ալիևյան բռնապետական ռեժիմի՝ հնարավոր բոլոր միջոցներով հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը և կոչ է անում միջազգային հեղինակավոր գիտական կազմակերպություններին ու կառույցներին, ԶԼՄ-ներին՝ տուրք չտալ ադրբեջանական պետական հակահայկական քարոզչությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում