Միացյալ Նահանգներ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 16-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ՀՀ գլխավոր դատախազությունում, բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ հանդիպումը հնարավորություն կտա նախանշելու համագործակցության հետագա ոլորտներն ու կնպաստի երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իրավասու մարմիններին՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու որոշման համար:

Աննա Վարդապետյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, խոշտանգումների, կիբերհանցավորության դեմ պայքարին և այլն:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան կարևորել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ընթացող աշխատանքներն ու ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ջանքերին:

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ և ընդգծել մի շարք ուղղություններով փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:                                                             

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում