Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հուլիսի 10-12-ը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի  (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը՝ որպես ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդներում Հայաստանի փոխկառավարիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ընկերակցային խմբի հանդիպումներին խմբի անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են ունենում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականությունների առաջնահերթությունների ու ծրագրերի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առանցքային հարցերի ու մարտահրավերների շուրջ:

Ըստ աղբյուրի՝ այս տարի հանդիպումը կրել է «Անկայուն և անորոշ միջավայրում կայուն աճի ապահովում» խորագիրը: Պանելային թեմատիկ քննարկումներ են տեղի ունեցել մասնավոր կապիտալի մոբիլիզացման ռազմավարությունների, նորարարությունների, արհեստական բանականության հնարավորությունների շուրջ:

«Միջոցառման շրջանակներում Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի հետ: Վերջինիս հետ, մասնավորապես, քննարկվել են ՀԲ-ի հետ օրակարգային ծրագրերի հարցեր ջրային, էներգետիկայի, սոցիալական ոլորտներում, ներառյալ նաև՝ բյուջետային աջակցությունը», - հաղորդել է Ֆինանսների նախարարությունը:

Վերջինիս փոխանցմամբ՝ առանձին հանդիպում է կայացել նաև Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության գլխավոր գանձապետ Յասպեր Վեսելինգի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք առանցքային հարցեր, ներառյալ՝ ֆինանսների նախարարությունների միջև փորձի փոխանակման ընթացիկ ծրագրի իրականացումը, ինչպես նաև հետագա փոխգործակցության նոր հեռանկարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում