Քաղաքականություն

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, ապա այս պահին որպես անկախ պետություն գոյություն չէր ունենա։ Նրա խոսքով՝ երկիրը վերջին տարիներին բարդ իրադարձությունների միջով անցել և հաղթահարել է դրանք՝ շնորհիվ ժողովրդավարության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշել է Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած իր ելույթում՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի՞ն է ցանկանում տեսնել ժողովրդավարությունը Հայաստանում։ 

«Ուզում եմ տեսնել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն: Ինչո՞ւ, որովհետև իմ համոզմունքն այս 6 տարիների փորձից հետևյալն է, որ այն բոլոր փոփոխությունները, որ հնարավոր էր Հայաստանում իրականացնել միայն քաղաքական կամքի շնորհիվ, արված են: Այսօր էլ մենք ունենք քաղաքական կամք այդ բարեփոխումները շարունակելու: Բայց մենք կտեսնենք, որ 2018-2019 թթ. փոփոխությունների այդ մեծ տեմպը մի պահ դանդաղեց, նվազեց, և հիմա անբավարարվածության զգացումն այդ փոփոխությունների օրակարգի, բարեփոխումների օրակարգի իրականացումից ավելի շատ է, քան բավարարվածությունը»,- նշել է վարչապետը և հավելել, որ այդ հարցում միայն ցանկությունը բավարար չէ: 

Նա ընդգծել է, որ այդ ցանկությունն ավելի մեծ է, որովհետև տեսանելի են ժողովրդավարության օգուտները, այդ թվում՝ հետևյալ տրամաբանությամբ, որ ժողովրդավարությունն ի վերջո պետության և հանրության դիմադրողականությունը մեծացնում է։  

ՀՀ վարչապետը շեշտեց, որ անընդհատ ասվում և կրկնվում է այն տեսակետը, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, ինչը ճիշտ է, բայց չեն հարցնում՝ այդ դժվար ժամանակների միջով ինչպե՞ս և ինչի՞ շնորհիվ է անցնում երկիրը: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այդ ամենի միջով անցնում է ժողովրդավարության շնորհիվ։  

«Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ես ձեզ վստահեցնում եմ՝ այսօր մենք անկախ պետություն չէինք ունենա: Բայց, հետևաբար, մենք պետք է արձանագրենք նաև, որ այն, ինչ հնարավոր էր անել քաղաքական կամքի շնորհիվ, արդեն տեղի է ունեցել և ավարտվել է, և մեզ պետք են արդեն ինստիտուցիոնալ լուծումներ»,- իր խոսքում նշել է վարչապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում