ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել Սառա Մորգենթաուի այցը Հայաստան և Հայաստան-ԱՄՆ բարեկամական և առևտրային կապերի խորացումը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում միջազգային մրցութային ընթացակարգով իրականացվող տարբեր ենթակառուցվածքային, այդ թվում՝ ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության, ամերիկյան ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցեր։
Նախարար Սանոսյանը Սառա Մորգենթաուին է ներկայացրել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, նախագծի շրջանակներում սպասվոող ենթակառուցվածքային ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո ստեղծված իրավիճակը։ Սառա Մորգենթաուն ընդգծել է, որ աղետից հետո կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցը իրենց ուշադրության կենտրոնում է։
Քննարկվել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթեր սկսելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։