Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

2 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Անիտա Դեմիտրիուին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի խոսնակին դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին լինելու և Հայաստանին ցուցաբերած աներկբա աջակցության համար, ինչը դրսևորվել է խորհրդարանի կողմից ընդունված մի շարք բանաձևերում, հայտարարություններում և Կիպրոսի խորհրդարանի նախագահի հայտարարություններում: ՀՀ դեսպանն ընդգծել է նաև այդ ջանքերում խոսնակի անձնական դերակատարությունը և հայտնել հայկական կողմի երախտագիտությունը:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Մկրտչյանը Անիտա Դեմիտրիուին է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը և նախաձեռնությունները:

Նշվում է, որ զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկկողմ հարաբերությունների խթանման և փոխաջակցության համատեքստում: 

Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում