Միացյալ Նահանգներ

Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Stryker զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Stryker զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում Stryker անվավոր զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ, որոնք պետք է փոխարինեն հնդկական բանակում սպառազինության մեջ գտնվող խորհրդային ​​արտադրության հետևակի մարտական ​​մեքենաներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։

Բանակցություններում քննարկվում է եռափուլ ծրագիր, որը նախատեսում է Strykers-ի սահմանափակ խմբաքանակի գնում ԱՄՆ-ից, այդ մարտական ​​մեքենաների համատեղ արտադրություն Հնդկաստանում և այդ զրահապատ փոխադրամեքենաների նոր մոդիֆիկացիայի մշակում:

«Հնդկաստանի բանակը նոր զրահապատ փոխադրամեքենաների և հետևակի մարտական ​​մեքենաների մեծ կարիք ունի՝ աստիճանաբար փոխարինելու համար 2 000 ռուսական ԲՄՊ-2-ները, այդ թվում՝ լայնածավալ դեսանտային գործողությունների համար»,- ընդգծել են հրատարակության զրուցակիցները։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Հնդկաստանի հետ զրահատեխնիկայի հնարավոր համատեղ արտադրությունն անվանել է «երկկողմ պաշտպանական գործընկերության ևս մեկ վերընթաց ցուցիչ»։ 2007 թվականից ի վեր Վաշինգտոնը և Նյու Դելին կնքել են 22 միլիարդ դոլարի պաշտպանական գործարքներ:

2024 թվականին ակնկալվում է Հնդկաստանին 3,9 միլիարդ դոլար արժողությամբ 31 MQ-9B հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքերի մատակարարման պայմանագրի ստորագրում, ինչպես նաև Հնդկաստանում General Electric և Hindustan Aeronautics ընկերությունների կողմից Tejas Mark-II կործանիչների համար GE-F414 ռեակտիվ շարժիչների համատեղ արտադրության մեկնարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում