Պուտինը չունի իրական խաղաղ առաջարկներ տալու և պատերազմը դադարեցնելու ցանկություն․ Պոդոլյակ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չունի իրական խաղաղ առաջարկներ տալու և պատերազմը դադարեցնելու ցանկություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը նշել է, որ այսօր Պուտինը հնչեցրել է ագրեսորի ստանդարտ փաթեթ, որն առաջարկում է հրաժարվել տարածքներից, ինքնիշխանությունից և պաշտպանությունից:
«Իհարկե, դրանում ոչ մի նորություն, իրական խաղաղ առաջարկ և պատերազմը դադարեցնելու ցանկություն չկա։ Բայց ցանկություն կա չվճարել այդ պատերազմի համար և շարունակել այն նոր ձևաչափերով։ Այս ամենն ամբողջությամբ բուտաֆորիա է։ Ուստի, ևս մեկ անգամ, ազատվեք պատրանքներից և դադարեք լուրջ ընդունել առողջ բանականության համար վիրավորական «Ռուսաստանի առաջարկները», - ընդգծել է Միխայիլ Պոդոլյակը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին որպես Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների նախապայման նշել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից, իսկ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։ Ընդ որում, Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։