Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում. Պեսկով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աշխատել Երևանի հետ՝ հստակեցնելու վերջինիս դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն, ով նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշինքի գծով։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին», - նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին արված հայտարարությունը։
Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները։
«Մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթությունները անվտանգության, կոլեկտիվ անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են ՀԱՊԿ-ի անդամ երկրները»,- ասել է ՌԴ մամուլի քարտուղարը՝ համոզմունք հայտնելով, որ, հավանաբար, այդ առաջնահերթություններով շահագրգռված է նաև Հայաստանը։