ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության փոքր բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ամեն տարի իր բյուջեի հաշվին իրականացնում է 5 ծրագիր: Հատուկ հանձնաժողովի միջոցով ընտրվում է առավել արդիական ծրագիրը, որի ուղղությամբ էլ իրականացվում են աշխատանքները: Շինարարության ոլորտում այս տարի ընտրվել է և կիրականցվի փոքր բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման սխեմայի մշակումը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան, գիտությունների թեկնածու Արամ Սահակյանն ընդգծեց՝ ծրագրի հիմնական նպատակն է անդրադառնալ մեր պետության ամենաարդիական հարցերին և, ընդգրկելով ուսանողներին, բարձրացնել նրանց հետաքրքրությունը գիտության նկատմամբ: Ծրագրում ընդգրկվում են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները:
«Ծրագրի իրականացման գործընթացը տևում է մոտավորապես 9 ամիս, որի ընթացքում ղեկավարը և ուսանողները վարձատրվում են: Նախագծի ավարտին մենք ստանալու ենք ջրահեռացման համակարգի մի մոդել, որը, տեղական պայմանները հաշվի առնելով, հնարավոր կլինի կիրառել Հայաստանի փոքր բնակավայրերում: Սա շատ կարևոր նախագիծ է, քանի որ, կարելի է ասել, Հայաստանի 900-ից ավելի բնակավայրեր ջրահեռացման համակարգերի արդիականացման խնդիր ունեն: Հաշվի առնելով, որ վերջին 30 տարիների ընթացքում այդ համակարգերի վրա որևէ լուրջ ներդրում չի իրականացվել, իսկ առկա համակարգերը ստեղծելիս հաշվի չեն առնվել տեղական պայմաններ՝ դրանք բավարար արդյունավետ չեն»,- նշեց Սահակյանը:
Նա ընդգծեց՝ մասնավորապես կեղտաջրերի մաքրման բնագավառում օգտագործվել են դասական սխեմաներ, որոնք շահագործման մեծ ծախսեր են պահանջում, բացի դրանից արդյունավետ մաքրում չեն իրականացնում: Ծրագրի շրջանակում ստեղծվելու է մի մոդել, որը կլրացնի բոլոր բացերը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի դոցենտ Վարուժան Շահումյանն ընդգծեց, որ իրենց մշակած տեխնոլոգիական սխեմայում ընտրել են հենց բնական կամ բնականին շատ մոտ սկզբունքով աշխատող մաքրման կառուցվածքներ:
«Շրջակա միջավայրի պահպանման տեսանկյունից առավել հիմնավորված է ջրահեռացման լրիվ անջատ համակարգի իրականացումը, երբ կենցաղային, մթնոլորտային և արտադրական կեղտաջրերից յուրաքանչյուրը հեռացվում է առանձին խողովակաշարով։ Ջրահեռացման անջատ համակարգը հատկապես նպատակահարմար է փոքր բնակավայրերի համար։ Այն հեշտ շահագործելի է և ապահովում է ցանցի բնականոն, հուսալի ու երկարաժամկետ աշխատանքը։
Միևնույն ժամանակ, նախատեսում ենք իրականացնել փոքր բնակավայրի ջրահեռացման ցանցի գծագրում կոյուղու մաքրման կայանների (ԿՄԿ) առկայության պայմանով և հիդրավլիկական հաշվարկ՝ ժամանակակից ծրագրային տեխնոլոգիաներով»,-ասաց մասնագետը։
Նա նշեց՝ ծրագրի շրջանակում շրջայցեր են իրականացրել Արտաշատ քաղաքում, Առինջ գյուղում, Գառնիի տարածքում և, իրավիճակը տեղում քննարկելով, հանգել այն եզրահանգման, որ առկա ջրահեռացման համակարգերը վերանորոգման և փոփոխման կարիք ունեն:
«Անձրևաջրերը հոսելով ասֆալատապատ մակերևույթներով՝ իրենց մեջ ակամայից հավաքում են նավթամթերքներ, որոնց առկայությունը բնական ջրավազաններում պետք է խստիվ քչացնել կամ հնարավորության դեպքում բացառել: Այդ առումով մենք խիստ աղտոտված և նավթամթերք պարունակող կեղտանյութերի մաքրման համար մշակել ենք տեխնոլոգիական սխեմաներ, որոնք բնական կառուցվածքներին շատ մոտ են:
«Դրանցից առաջինը հանդիսանում է կուտակիչ ջրամբարը, որը իրենից ներկայացնում է հողաշեն ջրամբար՝ կեղտաջրի շարժման ուղղությամբ երկարաձգված պատերով։ Կեղտաջրերը 4,5-ից 5 ժամ փոքր արագությամբ հոսելով՝ հասցնում են բավականին լավ մաքրվել վերևից տեղադրված շարժական բաց խողովակների միջոցով։ Այդ խողովակները տեղադրվում են այնպես, որ նրանց բաց ծայրը միշտ համընկնի ջրի մակարդակի հետ, և, քանի որ նավթամթերքները ջրից թեթև են և բարձրանում են վերև, մենք բավականին թեթև ներդրմամբ կարողանում ենք նավթամթերքներից ազատվել: Մյուս ծանր մասնիկներն էլ նստում են հատակին, որոնք պարբերաբար մաքրվում են, իսկ որպեսզի ջրանցում չլինի դեպի գրունտ, այդ ջրամբարների հատակին նախատեսում ենք իրականացնել կավի շերտ»,- նշեց Վարուժան Շահումյանը։
Մասնագետի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսում են իրականացնել նաև երկարատև պարզեցման լճակների ստեղծումը, քանի որ անձրևաջրերը և ձնհալքից առաջացած ջրերը բացի հանքային ծագման կեղտանյութերից պարունակում են նաև օրգանական ծագման կեղտանյութեր․ այս պարզեցման լճակներում ջուրը մնում է 6 ժամից մինչև 1-2 օր և անպայմանորեն մաքրվում է՝թթվածնի բնական ճանապարհով ներգործության շնորհիվ:
Նա ընդգծեց, որ այս կենսաբանական լճակներում մաքրված ջուրը վստահաբար կարելի է օգտագործել ոռոգման նպատակով և արդյունաբերական ձեռնարկություններում:
Գայանե Գաբոյան