Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման ծրագրի արդյունքները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին, որի ընթացքում քննարկվել են ծրագրի գործողություններն ու արդյունքները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրերի ավագ համակարգող Արթուր Փոքրիկյանը և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել՝ նիստի արդյունքներով արձանագրվելու է ծրագրի իրականացման ընթացքում գրանցված առաջընթացը, ինչպես նաև վերհանվելու են ի հայտ եկած խնդիրները:

«Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է, հետևաբար, ծրագրի արդյունքները մեզ համար կարևոր են ոչ միայն ծրագրի, այլև տվյալ ոլորտի առաջխաղացման տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ՀՀ կառավարության ծրագրում հստակ ամրագրված է միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ոլորտում դուալ ուսուցման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծավալների ընդլայնման և շարունակական զարգացման խնդիրը:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև օրերս անցկացված երկօրյա աշխատաժողովին՝ նվիրված Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացմանն ու խթանմանն ուղղված գործողությունների քննարկմանը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու Վերներ Թութը ևս շեշտել է՝ մասնագիտական կրթության, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետ բարեփոխումների համար առանցքային է պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությունը։ Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար աջակցության ծրագրերի անհրաժեշտությանը՝ պատրաստակամություն հայտնելով այս առումով աջակցելու պետությանը:

Ծրագրի ղեկավար կոմիտեի անդամների խոսքով՝ 2022 և 2023 թվականներին կազմակերպվել են ճանաչողական և ուսումնական այցեր Շվեյցարիա, որին մասնակցել են ինչպես մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ու քոլեջների ղեկավարներ, այնպես էլ՝ հենց աշխատանքային խմբի անդամներ: 2023 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում կազմակերպվել են մասնագիտությունների առաջխաղացմանը նվիրված օրեր, այցեր դպրոցներ, աշխատանքի տոնավաճառներ, ինչպես նաև վերապատրաստումներ գործընկեր ուսումնական հաստատությունների դասավանդողների համար:

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագիրն աշխատում է ՀՀ-ում դուալ կրթության ներդրման ուղղությամբ:

ՄԱՎԵՏԱ ծրագիրն աշխատում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի ագրարային ազգային համալսարանի Սիսիանի և Երևանի մասնաճյուղերի, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի և Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի հետ։

Ծրագրի շրջանակում ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը՝ ընկույզի և մրգերի մշակումը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ և համաֆինանսավորվում ՀՀ կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER), «Իզմիրլյան» հիմնադրամի և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի կողմից:

Հայերեն

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել