Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Գյոթեի ինստիտուտի պատվիրակության  հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարներ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Գյոթեի ինստիտուտի պատվիրակության  հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Գյոթեի ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով Սյուզաննա Ռադվանին, կարևորել է կրթական, գիտական, մշակութային ոլորտներում հայ-գերմանական համագործակցության շարունակությունը: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գյոթեի ինստիտուտի հետ համագործակցությունն առավել խորացնելու լայն օրակարգ ունի, որին էլ միտված են Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեության ընդլայնմանն ուղղված քայլերը: Փոխնախարարը նշել է կենտրոնն ապագայում լեզվի ինստիտուտ դարձնելու մտադրության մասին:

Ըստ աղբյուրի՝ Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է ինստիտուտի արդյունավետ փորձը հատկապես հանրակրթության ոլորտում՝ կարևորելով ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման իրականացումը:

«Հանդիպման քննարկման առանցքում է նաև եղել ինստիտուտի և ՀՀ դպրոցների համագործակցության զարգացման հարցը. կարևորվել են ուսուցիչների և աշակերտների փոխանակման, գերմաներենի իմացության ու կրթական համատեղ ծրագրերի իրականացման ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Գյոթեի ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պատրաստակամության համար: Նա ներկայացրել է Գյոթեի ինստիտուտի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ առանձնահատուկ շեշտել «Լեզուն մշակույթի մեջ» ծրագրի հիմնական ուղղությունները, այն է՝ տարբեր ձևաչափերով (առկա և հեռավար) գերմաներենի ուսուցման խորացումը Հայաստանի դպրոցներում, Երևանում և մարզերում գերմաներեն դասավանդող ուսուցիչների պարբերական վերապատրաստումները: Վերապատրաստման անվճար դասընթացների շնորհիվ ուսուցիչները հնարավորություն կունենան հանձնելու B2 մակարդակի քննություններ և ստանալու հավաստագրեր:

Սյուզաննա Ռադվանը հանդես է եկել մի շարք առաջարկներով, որոնք վերաբերել են դպրոցներում գերմաներենի գրավչության բարձրացմանը։ Նա կարևորել է նաև համագործակցությունը «Ստեղծագործ Եվրոպա», «Էրազմուս+» և այլ ծրագրերի շրջանակում:

Արթուր Մարտիրոսյանը ու Սյուզաննա Ռադվանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում