«Երևանյան բեսթսելեր». Քրիստին՝ առաջատար. թարգմանական. սեպտեմբեր, 2023

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է սեպտեմբերիվաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Երկրորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Ագաթա Քրիստիի «Ծռմռված տունը» երրորդ տեղում է։ «Ծռմռված տունը» համարվում է Ագաթա Քրիստիի ամենախճճված վեպը: Հրատարակվել է 1949թ. հետպատերազմյան Անգլիայում: Քրիստիի ամենասիրելի տասը գրքերից մեկն է և այն քչերից, որ գոհացրել են հեղինակին: Վերջինս նշում է, որ հետաքրքիր էր ուսումնասիրել մեկ ընտանիքի պատմությունը՝ իր գաղտնիքներով ու միջանձնային հարաբերություններով: Տան արտասովոր կառուցվածքն էլ խորհրդանշում է այդ հարաբերությունների խճճված բնույթը: Լոնդոնյան արվարձաններից մեկում գտնվող իր տանը առեղծվածորեն մահանում է հույն մեծահարուստ Արիստիդ Լեոնիդիսը: Ընտանիքի անդամներից ոչ ոք չունի ո՛չ նրան սպանելու շարժառիթ, ո՛չ էլ ալիբի: Բնական մա՞հ, ճակատագրական պատահականությո՞ւն, թե՞ կանխամտածված սպանություն. արդյո՞ք Սքոթլենդ Յարդին կհաջողվի պարզել ճշմարտությունը: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի։

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը չորրորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Հինգերորդ տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։

Վեցերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի

կիզակետում:Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական

մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը յոթերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։ Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

Ութերորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Մարկ Լեւիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» իններորդ տեղում է։ «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը (2011) ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լեւիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն։ Հետեւելով բախտագուշակի կանխասումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի Թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն: Այնտեղ Ալիսը բացահայտում է իր կյանքի իրական պատմությունը։ Թարգմանությունը ֆրանսերենից ՝ Ռուզան Միրզոյանի։

Ագաթա Քրիստիի «Կապույտ գնացքի առեղծվածը» տասներորդ տեղում է։ Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում, իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են: Սովորական կողոպո՞ւտ, թե՞ շատ ավելի խճճված մի պատմություն. բացահայտումը մնում է արդեն հանգստի անցած խուզարկու Էրքյուլ Պուարոյին: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ագաթա Քրիստի

«Եվ ոչ ոք չմնաց...»

Էդիթ Պրինտ 59
2 *

Ալեքս Մայքլիդիս

«Լռակյաց հիվանդը»

Newmag 50
3 -1

Ագաթա Քրիստի

«Ծռմռված տունը»

Էդիթ Պրինտ 44
4 0

Ագաթա Քրիստի

«Սպանություններ այբբենական կարգով»

Էդիթ Պրինտ 41
5 *

Գամիդ Ամիրով

«Արցունքներ դրախտում»

Բուկինիստ 37
6 +1

Ագաթա Քրիստի

«Մահ Նեղոսի վրա»

Էդիթ Պրինտ 37
7 +3

Ագաթա Քրիստի

«Սպանություն Արևելյան ճեպընթացում»

Էդիթ Պրինտ 35
8 -5

Խալեդ Հոսեյնի

«Օդապարուկ թռցնողը»

Զանգակ 29
9 *

Մարկ Լեւի

«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը»

Անտարես 28
10 *

Ագաթա Քրիստի

«Կապույտ գնացքի առեղծվածը»

Էդիթ Պրինտ 28

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել