Պաշտոնական

Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին

2 րոպեի ընթերցում

Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները` համապատկերում առանձնացնելով Հայաստանին եւ ԼՂ հայերին առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տարհանվում հազարավոր մարդիկ: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն առայժմ սեփական ուժերով կարողանում է բավարարել փախստականների կարիքները, գուցե շուտով հարկավոր լինի նաեւ բարեկամ պետությունների օժանդակությունը: Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. խաղաղ հարաբերությունների հաստատում, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

Իոաննիս Պլակիոտակիսը նշել է, որ Հունաստանը հանձնառու է միջազգային իրավունքի կիրարկմանը եւ առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան ու պահանջելով միջանցքի շուտափույթ բացումը: Նա հավելել է, որ ամբողջությամբ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հաստատված ամուր եւ բարեկամական հարաբերությունները: Մտքեր են փոխանակվել միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում օրենսդիր մարմինների ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության կարեւորության, բարձրաստիճան փոխայցեր իրականացնելու անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի պաշտոնական այցով Հայաստան այցելելու մասին: Ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը` երկուստեք արձանագրելով համագործակցության արդյունքում երեք երկրների կենսական շահերի առաջմղումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում