Տնտեսություն

Զբոսաշրջությունը միայն ննջատեղերի և հյուրանոցների առկայությունը չէ․ Ապրեսյանը՝ ոլորտի խնդիրների մասին

6 րոպեի ընթերցում

Զբոսաշրջությունը միայն ննջատեղերի և հյուրանոցների առկայությունը չէ․ Ապրեսյանը՝ ոլորտի խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսից ու պատերազմից հետո զբոսաշրջության ոլորտը Հայաստանում հետզհետե վերականգնվում է, ինչն ինքնին բնական գործընթաց է, թեև, միաժամանակ, իրականացվել են նաև մեծածավալ աշխատանքներ՝ երկիրը հավուր պատշաճի գովազդելու և տվյալ ոլորտը պետական ու մասնավոր միջոցների շնորհիվ խթանելու նպատակով։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նրա դիտարկմամբ՝ հիմա ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել կազմակերպված զբոսաշրջությանը, որը դեռևս ամբողջությամբ կայուն վերականգնման փուլ չի թևակոխել։ Թեև այստեղ ևս որոշ չափով աշխուժություն կա, սակայն այդ հանգամանքը պայմանավորված է գլխավորապես անհատական այցելություններով։ Կազմակերպված զբոսաշրջությունն ավելի պատասխանատու ոլորտ է, հետևաբար, մեր տարածաշրջանում տիրող ոչ այնքան կայուն իրավիճակն արտասահմանցիներին ստիպում է ավելի զգուշավոր լինել։

«Մյուս կողմից եվրոպական և այլ շուկաներում Հայաստանի մասին տեղկատվությունը չափազանցված է ներկայացվում, ինչը նույնպես ազդում է մեր երկրի գրավչության վրա։ Հատկապես եվրոպական շատ երկրներում Հայաստանը տեղի իրավասու կայքերում ներկայացվում է կարմիր գոտիներով, ինչը ենթադրում է ոչ անվտանգ և ոչ ապահով միջավայրի առկայություն։ Դա բացասական հետևանքներ է ունենում, որովհետև տուրօպերատորները չեն ուղարկում զբոսաշրջային հայտեր։ Այս ուղղությամբ դեռ պետք է աշխատանքներ իրականացվեն ինչպես պետական-դիվանագիտական, այնպես էլ ոլորտը ներկայացնող կազմակերպությունների մակարդակով, որպեսզի միջազգային հանրությանը մատուցվի ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվություն Հայաստանի մասին»,- ասաց Ապրեսյանը։

Ուրախացնում է այն իրողությունը, որ զգալիորեն և աշխուժորեն զարգանում է ներքին տուրիզմը, այստեղ վերջին շրջանում գրանցվել է դինամիկ աճ, շատացել են ուղղությունները։ Մասնավոր հատվածն անգործ չի եղել նաև համավարակի ժամանակաշրջանում և մշակել է նոր պրոդուկտներ, որովհետև պահանջարկն էլ չէր ուշանում: Հետևաբար, ոլորտը գործել է հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին՝ տալով դրական արդյունքներ։

Ապրեսյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում զարգանում է նաև արկածային, էքստրեմալ տուրիզմը, որի համար Հայաստանում կան բնական պայմաններ, ռեսուրսներ, ու մեր երկիրն այդ առումով չի զիջում աշխարհի շատ պետություններին։ Բայց այս ուղղությունը նույնպես պետք է ինստիտուցիոնալացվի, այսինքն՝ պետք է սահմանել չափանիշներ, մշակել զբոսաշրջային արահետներ, ունենալ մասնագիտացված բարձրակարգ զբոսավար-ուղեկցորդներ, նրանց պետք է կրթել՝ ստեղծելով համապատասխան դպրոց։

Խոսելով ենթակառուցվածքների զարգացվածության մասին՝ Ապրեսյանն ընդգծեց, որ դա ավարտուն կամ ստատիկ պրոցես չէ, ենթակառուցվածքները միշտ պետք է զարգանան պահանջարկին զուգընթաց։ Եթե կանխատեսումների համաձայն դինամիկ աճը շարունակվելու է, դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվաքանակն ավելանալու է, ուրեմն մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեծացող պահանջարկն ապահովելու։ Եթնակառուցվածքները միայն ննջատեղերն ու հյուրանոցները չեն։ Դրանց քանակն ապահովելուն զուգընթաց՝ անհրաժեշտ է բարձր թողունակությամբ որակյալ ճանապարհներ ու ավտոկայանատեղիներ, կանգառներ կառուցել զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ բոլոր վայրերում։ Նրա խոսքով՝ զարգացում կա, բայց ճանապարհների կահավորվածության առումով դեռ անելիքներ կան։

«Մենք, իհարկե, ունենք շատ բարձր մակարդակի տուրօպերատորներ, որոնք սեփական կարողություններով ողնաշարային դերակատարություն ունեն հատկապես կազմակերպված զբոսաշրջության ոլորտում, սակայն բարեխիղճ տուրօպերատորների կողքին կան նաև պրոֆեսիոնալիզմից շատ հեռու սուբյեկտներ, որոնք նույնիսկ գրանցված չեն և հարկեր չեն վճարում, աշխատում են կանխիկ շրջանառությամբ՝ մատուցելով ցածրորակ ծառայություններ, խաթարելով մրցակցային միջավայրը, հարվածելով երկրի իմիջին, բացասական ազդեցություն ունենալով նաև ներդրումային ծրագրերի իրականացման վրա»,- ասաց Ապրեսյանը։

Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահի պնդմամբ՝ շատ կարևոր են իրենց կողմից առաջարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Այդ հարցում կա ընդհանուր ընկալում Կառավարության հետ։ Ներկայացվել է օրենքի նախագիծ, որի միջոցով պետք է լուծվեն շատ խնդիրներ և ավելի գրավիչ կդառնա գործարար միջավայրը, քանի որ անհրաժեշտ կարգավորումներ կմտցվեն այս ոլորտում։ Մասնավորապես, նախատեսվում է ծանուցման ենթակա գործունեության տեսակներ սահմանել տուրօպերատորի, գործակալի և զբոսավարի ծառայությունների մասով, նաև պարտադիր որակավորման ենթակա դարձնել զբոսաշրջային տրանսպորտը։

Կայուն զարգացում ապահովելու համար, օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, անհրաժեշտություն կա լիցենզավորելուց բացի իրականացնել նաև հարկային ճկուն քաղաքականություն։ Այդ առումով առաջարկվում է արտոնագիր ստացած տուրօպերատորների կողմից իրացվող ներգնա զբոսաշրջային փաթեթների նկատմամբ կիրառել ավելացված արժեքի հարկման զրոյական դրույքաչափ, ինչն, Ապրեսյանի համոզմամբ, զգալիորեն կբարելավի մրցակցային գործարար միջավայրն ու կամբողջացնի բարեփոխումների փաթեթը։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում