Տնտեսություն

Կառավարությունը միջոցներ հատկացրեց «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու համտես-մրցույթի կազմակերպման համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը միջոցներ հատկացրեց «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու համտես-մրցույթի կազմակերպման համար

Միջազգային հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու համտես-մրցույթը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության մայիսի 7-ի հերթական նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է պետբյուջեում վերաբաշխմամբ 684 միլիոն դրամ տրամադրել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի կազմակերպման համար։   

«Այս մրցույթը համարվում է իր ձևաչափով եզակի։ Աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր մրցույթն է ոլորտում։ Այն ունի ավելի քան 30 տարվա փորձ, ամեն տարի որևէ երկրում է անցկացվում, իսկ մեր տարածաշրջանում՝ առաջին անգամ։ Նախկինում անցկացվել է Իտալիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում և աշխարհի այլ երկրներում։ Մրցույթը 2026 թվականին անցկացնելու հայտը շահել է Հայաստանը»,-մանրամասնել է Պապոյանը՝ հավելելով, որ Հայաստանն անցած տարի մրցույթն անցկացնելու էստաֆետը վերցրել է Չինաստանից։

Նրա խոսքով՝ միջազգային այդ մասշտաբային միջոցառումը Հայաստանում կազմակերպելու համար մրցույթի կազմակերպիչները հիմք են ընդունել Հայաստանի հարուստ գինեգործական, պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև ոլորտում դինամիկ զարգացումները։

Նախարարի տեղեկատվությամբ՝ մրցույթը նախատեսվում է մայիսի 19-23-ին, որին կմասնակցի 65 երկրից գինու շուրջ 400 փորձագետ, այդ թվում՝ 120 պոտենցիալ գնորդներ, որոնք հանդիսանում են խանութների ցանցի տնօրեններ, ներկայացուցիչներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում