ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ-ին կոչ է անում ապահովել Բաքվի ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքից. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ապօրինի անցակետի վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ՝ նշելով, որ դա իրապես 2020թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ ՀՀ ԱԳՆ-ն նաև կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց։

Հայտարարության մեջ նշված է. «2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․այն իրապես 2020թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։

Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ունեցող վճռի: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ ջանք չի գործադրում ոչ միայն ձեռք բերված հանրահայտ պայմանավորվածությունները կատարելու, այլև իր կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շարունակական խախտումները կոծկելու ուղղությամբ և ամեն կերպ լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները:

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ»:

Հայերեն العربية English Français

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ

Հունիսի 1․ Ադրբեջանի կողմից արցախցի երեխաների խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ. Փաստերի ստուգման հարթակ