ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուջայրահի 10-րդ միջազգային մոնոդրամայի հեղինակավոր փառատոնին, որն անցկացվել է փետրվարի 17-26-ը Արաբական Միացյալ Էմիություններում, հրավիրված մոտ 10 երկրների թվում է եղել նաև Հայաստանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը ներկայացրել է բեմադրող-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն՝ իր «Բարև, Քիթի» բեմադրությամբ։
Ռիմա Պիպոյանը մասնակցության հրավերը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատերական ինստիտուտի գլխավոր տնօրեն Տոբիաս Բիակոնեի և ԱՄէ արքայազնի կողմից։ Ռիմայի ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել և արժանացել է մեծ գնահատանքի ինչպես հանդիսատեսի, այնպես էլ հրավիրված միջազգային մասնագետների կողմից։
«Բարև, Քիթի» ներկայացումը Պիպոյանը բեմադրել է 2017 թվականին Բեռլինի արվեստների ակադեմիայում, որն այնուհետև ներկայացրել է մի շարք եվրոպական երկրներում։
Փառատոնը կազմակերպված է եղել շքեղ ընդունելությամբ, որի ժամանակ անցկացվել են վարպետության դասընթացներ, քննարկումներ, մամլո ասուլիսներ, հրավիրված են եղել ոլորտի գիտակներ աշխարհի տարբեր ծայրերից։
Ֆուջայրահի փառատոնն անցկացվել էԱՄԷ Գերագույն խորհրդի և Ֆուջայրահի կառավարիչ Նորին Մեծություն, ԱՄԷ թագաժառանգ Շեյխ Համադ Բին Մոհամմեդ Ալ Շարքիի բարձր հովանու ներքո։