Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Արդյունավետ գնահատելով տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում գործակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ: Վարչապետը նաև ջերմությամբ հիշատակել է 2019թ. Նյու Յորքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած հանդիպումը:

Հնդկաստանի դեսպանը բարձր գնահատականի համար երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետին և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի և երկկողմ օրակարգի շուրջ:

Հայերեն English Français Русский