«Երևանյան բեսթսելեր». «ԱՎԵՍՏԱ»-ն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2022
10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հոկտեմբերիվաճառքների հիման վրա:
Առաջին հորիզոնականում է «ԱՎԵՍՏԱ: Իրանցիների հնագույն երգերը և տեքստերը» գիրքը։ Ավեստան իրանական ժողովրդի նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գիրքն է, որը ստեղծվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսին բանավոր ձևով: Հետագայում այն գրի է առնվել (մ.թ. 3-րդ դարում) հնդեվրոպական սաթեմ ճյուղի մի լեզվով, որը պայմանականորեն անվանվում է Ավեստայի լեզու: Զրադաշտականությունն իր մեջ է ամփոփել իրանական առասպելաբանության, սովորույթների և աշխարհընկալման տարրերը, իսկ այդ կրոնի բարոյական կառույցի հիմնասյուներն են բարի միտքը, բարի խոսքը և բարի արարքը, որոնք էլ դարձել են այդ դավանանքի հիմնական ուղենիշները:
Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուարդ Հախվերդյանի։
Երկրորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Առեղծվածային պատահար Սթայլզում» վեպը, որը տարիներ շարունակ միլիոնավոր ընթերցողների հրապուրած ստեղծագործություններից առաջինն է: 1920 թվականին լույս տեսած գրքում առաջին անգամ հանդիպում ենք աշխարհահռչակ խուզարկու Էրքյուլ Պուարոյին: Բելգիական ոստիկանության նախկին սպան իր մի քանի հայրենակիցների հետ ապաստան է գտել Սթայլզ Քորթ կալվածքի հարևանությամբ՝ փախստականների համար նախատեսված կացարանում: Կալվածքի մեծահարուստ տիրուհու՝ միսիս Ինգլթորփի մահն իսկական իրարանցում է առաջացնում գյուղում, և ընտանիքի անդամները դիմում են Պուարոյին՝ առեղծվածի կծիկը քանդելու:
Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։
Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը երրորդ տեղում է։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։
Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Դետեկտիվի «թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը չորրորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները:
Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։
Հինգերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի
կիզակետում:Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական
մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։
Վեցերորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:
Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:
Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» յոթերորդ տեղում է։ 1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։ Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։ Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։
Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի։
Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը ութերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։
Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։
Իններորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։
Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:
Տասներորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին:
Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | նոր | ![]() |
«ԱՎԵՍՏԱ: Իրանցիների հնագույն երգերը և տեքստերը» |
Անտարես | 83 |
| 2 | * | ![]() |
Ագաթա Քրիստի, «Առեղծվածային պատահար Սթայլզում» |
Էդիթ Պրինտ | 61 |
| 3 | 0 | ![]() |
Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել» |
Զանգակ | 50 |
| 4 | -2 | ![]() |
Ագաթա Քրիստի, «Սպանություններ այբբենական կարգով» |
Էդիթ Պրինտ | 47 |
| 5 | * | ![]() |
Ագաթա Քրիստի, «Մահ Նեղոսի վրա» |
Էդիթ Պրինտ | 47 |
| 6 | * | ![]() |
Խալեդ Հոսեյնի, «Հազար չքնաղ արևներ» |
Զանգակ | 41 |
| 7 | * | ![]() |
Ագաթա Քրիստի, «Էնդհաուզի առեղծվածը» |
Էդիթ Պրինտ | 37 |
| 8 | -2 | ![]() |
Ագաթա Քրիստի․ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» |
Էդիթ Պրինտ | 33 |
| 9 | * | ![]() |
Ջորջ Օրուել, «1984» |
Անտարես | 31 |
| 10 | * | ![]() |
Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» |
Անտարես | 31 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









