Կոմիտասի թանգարանում տեղի է ունեցել Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել Անի Յորենցը (սոպրանո) և Մաթիաս Սամուիլը (դաշնամուր):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, համերգն անցկացվել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ իր համար առանձնահատուկ պատիվ է հոկտեմբերի 3-ին՝ Գերմանիայի միասնության օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկա գտնվել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգին.

«Մեծապես շնորհակալ եմ Կոմիտասի թանգարանին՝ այս միջոցառումը մեր երկու երկրների համար այդքան խորհրդանշական վայրում անցկացնելու համար։ Հայ կոմպոզիտոր Սողոմոն Սողոմոնյանի կյանքը մեր երկու ժողովուրդների տևական մշակութային կապերի վկայությունն է։ Նա ուսանել և աշխատել է Բեռլինում և 19-րդ դարի վերջին՝ նախքան վերադարձը Օսմանյան կայսրություն, նա հիմնադիր անդամն է եղել «Միջազգային երաժշտական միություն» կազմակերպության։ Նրա երաժշտությունը միավորում է մեր երկրներն ու ժողովուրդներին»։

Դեսպանը երկկողմ հարաբերություններում շրջադարձային է համարել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը 2016 թվականի հունիսի 2-ին, որով Գերմանիան նշանակալի նպաստ բերեց Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին և մարդկության դեմ:

Ողջունելով հյուրերին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշել է, որ Գերմանիան և գերմանական մշակույթը Կոմիտասի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունեն:

«Շնորհավորում եմ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի, ինչպես նաև Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ և ողջունում եմ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի համերգը, որը կայանում է Գերմանիայի հրաշալի երաժիշտների՝ Մաթիաս Սամուիլի և Անի Յորենց Սարգսյանի մասնակցությամբ՝ համագործակցությամբ Ալմազյան փրոդաքշնի»,- ընդգծել է Նիկոլայ Կոստանդյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանում ԳԴՀ դեսպանությանը:

Շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Միասնության օրվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր բարդ և բեկումնային ժամանակաշրջանում է ապրում.

«Դժվար է գտնել մեկ այլ երկիր, որը կարող է պատմական աղետների և փլուզումների հաղթահարման օրինակ լինել, ինչպես Գերմանիան է: Շնորհիվ անցյալի փառահեղ փիլիսոփայական մտքի և գեղարվեստական մշակույթի բացառիկ հենքի՝ Գերմանիան կարողացել է հաղթահարել պատմական փակուղիները և պատմական որոշումների հետևանքները, հաստատել քաղաքացիական արժեքները, հանրային համակեցության կանոնները, մարդու ազատությունն ու իրավունքները»:

ԿԳՄՍ փոխնախարարը վստահություն է հայտնել, որ Գերմանիան իր խոսքն ունի ասելու աշխարհաքաղաքական ցնցումների այս համատեքստում, և հայ-գերմանական երկարամյա բարեկամությունը շարունակելու է ամրապնդվել՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի, Բրամսի, Ռախմանինովի, Չիլեայի, Շտրաուսի, Դվորժակի և Կալմանի ստեղծագործությունները:

Հայերեն Русский Türkçe

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին