Պաշտոնական

ՄԱԶԾ-ն պատրաստակամ է ընդլայնել աջակցությունը Հայաստանի՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած շրջաններին

2 րոպեի ընթերցում

ՄԱԶԾ-ն պատրաստակամ է ընդլայնել աջակցությունը Հայաստանի՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած շրջաններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ օժանակությամբ իրականացվող թիրախային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների իրագործմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«Երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում կողմերը հատկապես կարևորել են քաղաքացիական ծառայության ոլորտում ընթացող և ծրագրվող բարեփոխումները, այդ թվում՝ հանրային կառավարման լայն բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական ծառայության մասնագիտական ինստիտուցիոնալ գործունեությունը՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։

Նաթիա Նացվլիշվիլին կարևորել է ՄԱԶԾ՝ քաղաքացիական ծառայությունների ոլորտում կուտակած փորձառությունը՝ պատրաստակամություն հայտնելով ապահովել բարեփոխումների ներդաշնակ իրականացմանն ուղղված աջակցության շարունակականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ անդրադարձ կատարելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմանը։ Ըստ աղբյուրի՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչն, իր հերթին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ՀՀ տուժած շրջաններին ուղղված աջակցության ընդլայնման պատրաստակամությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում