Գոթյե Կապյուսոնի հետ համերգով մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանը և «Արմենիա» փառատոնը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի սեպտեմբերի 3-ին կայացած բացմամբ մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։ Համերգային ծրագրում հնչել են Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական Կապրիչիոն», Ալեքսեյ Շորի «Երաժշտական ուխտագնացություն» թավջութակի կոնցերտը, Ալեքսանդր Բորոդինի նախերգանքը «Իշխան Իգոր» օպերայից և Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Համերգը ղեկավարել է Սերգեյ Սմբատյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։

Ըստ աղբյուրի՝«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի նախաձեռնությամբ և այս տարիների ընթացքում Երևանում հյուրընկալել է աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտների՝ անմոռանալի պահեր պարգևելով երաժշտասերներին։ «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

Նշվում է, որ Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնին, կարևորեց, որ փառատոնի և նոր համերգաշրջանի բացումը տրվում է Գոթյե Կապյուսոնի մասնակցությամբ համերգով. «Ունենք փայլուն արտիստներ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ելույթ կունենան Երևանում՝ Միշա Մայսկի, Գիլ Շահամ, Յոզեֆ Կալեյա և այլք։ Փառատոնային մշակույթը կարևոր է մեր քաղաքի համար։ Ի սկզբանե որոշել էինք, որ «Արմենիա» փառատոնը պետք է անցկացվի սեպտեմբերին, երբ մեր մայրաքաղաքում շատ են զբոսաշրջիկները, որոնք, Հայաստան գալով, պետք է հիանան նաև մեր արվեստով, մեր երաժիշտների վարպետությամբ ու մեծ ճանաչում ունեցող երաժիշտների կատարումները վայելելով։ Կարծում եմ՝ Գոթյե Կապյուսոնի նման արտիստների ներգրավումը փառատոնի շրջանակներում դասական երաժշտության շատ երկրպագուների կարող է բերել մեր երկիր»։

«21-րդ դարի լավագույն թավջութակահարներից Գոթյե Կապյուսոնն էլ ասաց, որ շատ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հրաշալի համագործակցության համար։ Երևանում համատեղ հանդես են գալիս երկրորդ անգամ, առաջին բեմելը 2013 թվականին էր։ Նա նշեց, որ մեծագույն հաճույք է բացել «Արմենիա» փառատոնը։ Իսկ սեպտեմբերի 3-ի համերգն իր համար նշանավոր է նաև նրանով, որ այդ օրն իր ծննդյան օրն է։ Թավջութակահարը նկատում է, որ ուրախ է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որտեղ նվագում են երիտասարդ, էներգիայով լի երաժիշտներ։ Կապյուսոնը նաև նշեց, որ ինքը միշտ սիրով է կատարում այն ստեղծագործությունները, որ ներկայացնում է Երևանում՝ Սեն-Սանսի և Շորի Թավջութակի կոնցերտները։

Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ 2022-2023թթ. համերգաշրջանին՝ տեղեկացնենք, որ այս ընթացքում երաժշտասերներին սպասվում են համերգային հանդիպումներ համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների հետ։ Նվագախումբը դասական երաժշտության սիրահարներին կներկայանա փառատոներով, համերգային երեկոներով, նոր նախագծերով։ Նախատեսված են նաև արտասահմանյան հյուրախաղեր Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Օմանի Սուլթանությունում, որոնց շրջանակներում, ի թիվս դասական երաժշտության համաշխարհային գանձարանի նմուշների, կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են նաև, որ նոր համերգաշրջանում նախատեսվում է ձայնագրել հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից։

Հայերեն Español Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին