ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր փլոգինգ արշավ «Սեւան» ազգային պարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան, խորհրդական Աննիկա Նորդին Ջայավարդենան, «փլոգինգ» բառն առաջացել է երկու արմատից՝ արագ քայլել եւ կռանալով աղբ հավաքել:
«Այն սկսվել է Շվեդիայում, 2016 թվականին, երբ վազքի դուրս եկած մարդիկ նկատել են դուրսը թափված պլաստիկ թափոնները եւ որոշել դրանք հավաքել: Տարիների ընթացքում այս արշավը տարածվել է նաեւ այլ երկրներում, եւ այսօր հասել է նաեւ Հայաստան: Մենք այստեղ յուրաքանչյուրս փորձում ենք լինել փլոգինգի դեսպաններ, որ մարդիկ տեսնեն եւ իրենց երեխաների հետ զբաղվեն փլոգինգով: Եվ շատ ցանկալի է, որ համայնքը ներգրավված լինի փլոգինգի մեջ: Ուրախ ենք, որ այստեղ ենք եւ կարող ենք օգտակար գործ անել շրջակա միջավայրը մաքուր պահելու համար»,- նշեց Աննիկա Նորդին Ջայավարդենան:
Փլոգինգի օգտակարության մասին խոսեց «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանը։ Փլոգինգի արշավին միացել էին նաեւ «Սեւան» ազգային պարկի եւ շվեդական «Օրիֆլեյմ» ընկերության աշխատակիցները: Մեկուկես ժամ ակտիվ փլոգինգից հետո «Սեւան» ազգային պարկի մի հատված ազատվեց ընդհանուր աղբից, իսկ վերամշակման ենթակա պլաստիկ թափոնները տեղափոխվեցին վերամշակման կայան: Փլոգինգ արշավի հեղինակների կարծիքով՝ նախաձեռնությունը կդառնա օրինակելի ու վարակիչ, եւ մարդիկ մեծ սիրով կզբաղվեն փլոգինգով՝ մարզվելով կմաքրեն իրենց շրջապատող բնությունը:
«Ինչպես տեսնում եք, մարդիկ նաեւ հաճույք են ստանում այս արշավից: Երբ բնությունը մաքրում ես, եւ՛ իմաստալից է, եւ՛ օգտակար ու հաճելի: Հուսով եմ, փլոգինգը կտարածվի Հայաստանում, եւ հաջորդ անգամ, երբ գալու լինենք, ավելի շատ մարդիկ կտեսնենք այստեղ»,- հույս հայտնեց Հայաստանում Շվեդիայի փոխդեսպանը:
Արշավին հետեւեց Սեւանի թերակղզում թափոնների համար պլաստիկ եւ ապակե տարաների տեսակավորման ամանի տեղադրումը, որից կարող են օգտվել համայնքների բնակիչները եւ զբոսաշրջիկները: Մի քանի տեսակավորման ամաններ էլ տեղադրվելու են Գեղարքունիքի մարզի մի շարք կրթական հաստատությունների տարածքում՝ աշակերտներին վաղ տարիքից աղբը տեսակավորելու մշակույթին ծանոթացնելու համար: Խոսրով Խլղաթյան