Պաշտոնական

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամները հանդիպել են Քնեսեթի պատվիրակության հետ

3 րոպեի ընթերցում

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամները հանդիպել են Քնեսեթի պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը, խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը եւ Միքայել Թումասյանն ապրիլի 25-ին հանդիպել են Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ,«Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազի գլխավորած պատվիրակության հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը: «Հայ եւ հրեա ժողովուրդները, որոնք վերապրել են ցեղասպանության արհավիրքները, ունեն բարոյական պարտականություն՝ համախմբելու ջանքերն այս հարցում»,-ասել է նա:

«Նշենք, որ «Մերեց» կուսակցությունը միշտ կողմնակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

ԱԺ փոխնախագահը խնդրահարույց է համարել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը եւ հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները չդադարեցնելը: Նշենք, որ «Մերեց» կուսակցությունը քննադատել է իսրայելական կողմից Ադրբեջանին սպառազինություններ տրամադրելու փաստը:

Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ծովինար Վարդանյանը երախտագիտություն է հայտնել Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի անդամներին անմեղ զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան այցելելու համար:

Խոսելով երկկողմ խորհրդարանական կապերի աշխուժացման մասին՝ խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն: Այս համատեքստում կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը. դրանք փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ:

Ծովինար Վարդանյանն առաջնային է համարել տարբեր բնագավառներին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում փորձի փոխանակումը:

Նշվում է, որ Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազը ընդգծել է, որ իր առաջին այցը Հայաստան պլանավորել էր հենց ապրիլի 24-ին. խորհրդանշական այդ օրը 1,5 մլն սպանվածների հիշատակը հարգելու օրն է:

Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանը, բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում