Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ճակատագրական նշանակություն է ունեցել. Սիրիայի բարեկամ ժողովուրդն օգնության ձեռք է մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայորդիների:

«Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով պատերազմում ներգրավել էր վարձկաններ Սիրիայից և տարածաշրջանի այլ պետություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է տևական ժամանակ, սակայն իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ վտանգելով տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- ըստ աղբյոեւրի՝ փաստել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Այս տարի լրանում է Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հակոբ Արշակյանը փոխշահավետ համագործակցության ամրապնդման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Այս հարցում ԱԺ փոխնախագահը շեշտել է նաև սիրիահայ համայնքի դերակատարությունը և հավելել, որ մեր երկիրը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների ու ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ:

Նշվում է, որ Լյուսի Իսկանյանը ևս կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը և Հակոբ Արշակյանին ու հայ օրենսդիրներին է փոխանցել Սիրիայի խորհրդարանի նախագահի ջերմ ողջույնները և համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը:

Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին՝ բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ Սիրիան ևս զգացել է ահաբեկիչների իրականացրած գործողությունների հետևանքները: Նա կարևորել է երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերի իրականացումը, ինչը դանդաղել էր սիրիական ճգնաժամի հետևանքով:

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը և ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ևս խոսել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունից, փաստել հայ համայնքի գործուն աջակցությունն այդ հարցում: Ընդգծվել է, որ սիրիահայ համայնքը լիարժեք ներգրավված է երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:

Հայերեն Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին