Արցախի նախագահը պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը նշել է, որ հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններում պարենային ապահովման խնդիրը դարձել է բոլոր կառավարությունների արտահերթ քննարկման հարցերից մեկը, և Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող։ Եվ այդ նպատակով պետք է օգտագործել Հանրապետության բոլոր տնտեսական ռեսուրսներն ու անմշակ հողատարածքներն անխտիր։

Խորհրդակցության ընթացքում Նախագահի կողմից պատասխանատու կառույցների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նոր ճանապարհների կառուցման գործընթացը շուտափույթ սկսելու և տնտեսական տարբեր ծրագրերի մեկնարկի ուղղությամբ ֆինանսական ու անվտանգային համապատասխան միջոցներ ապահովելու վերաբերյալ։

Հայերեն