ԳԱՎԱՌ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կայացած Քիք-բոքսինգի Հայաստանի առաջնությության մասնակցել են նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Դդմաշեն գյուղի մարզիկները՝ տուն վերադառնալով հաղթանակներով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Դդմաշեն բնակավայրի Քիք-բոքսինգի «Դդմաշեն» թիմն առաջնությանը մասնակցել է 7 մարզիկով, որոնցից հինգը հաղթել են իրենց քաշային կարգերում։
«Մարզիչ Ալեքսանդր Մարտիրոսյանի 5 սաները կանգնել են պատվո հարթակներին՝ բարձր պահելով ոչ միայն Դդմաշենի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզի մարզական պատիվը։ 10-12 տարեկանների 42 կգ քաշային կարգում 1-ին մրցանակային տեղն է զբաղեցրել Էդվարդ Սահակյանը, 1-ին մրցանակակիրներ են դարձել նաեւ Վահե Շութոյանը /13-15 տարեկանների 69 կգ քաշային կարգ/, Վիլիկ Ղևոնդյանը /13-15 տարեկանների 78 կգ քաշային կարգ/։ Արմեն Իսպիրյանը 7-9 տարեկանների 24 կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը։ Մարզիչ Ալեքսանդր Մարտիրոսյանը եւս մասնակցել է առաջնությանը եւ 19+ տարեկանների 75 կգ քաշային կարգում նվաճել է 2-րդ մրցանակային տեղը։
Մեր թիմը լավագույնս է կատարել իր առջեւ դրված առաջադրանքը, որի արդյունքում 7 մասնակցից 5-ը տուն է վերադարձել մեդալներով։ Շնորհավորում ենք դդմաշենցի մարզիկներին եւ նրանց մարզչին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու մարզական նվաճումներ»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան