Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի Թեհրանի թիմը մասնակցում է երեք մրցաշարի` ձնամարտ, լեռնադահուկ և սնոուբորդ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ և Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյանը կարևորեց խաղերի համախմբող գաղափարը:
«Իսկապես բացառիկ են այս խաղերը, քանի որ դեռևս 25 տարի առաջ, երբ ստեղծվեցին Համահայկական խաղերը, միշտ էլ մեծ ոգևորություն ենք տեսնում մասնակիցների մոտ: Այստեղ միավորված են երիտասարդությունն և մարզական ոգին: Ձմեռային խաղերի բարդությունը կայանում է նրանում, որ այժմ դպրոցների և համալսարանի դասերի փուլ է, և հայկական միությունների անդամները չեն կարող բաց թողնել դրանք»,-ասաց Խալոյանը:
Վերջինիս խոսքով` ձմեռային երկրորդ խաղերի մասնակիցների թիվը եռապատիկ ավելի է, քան առաջինում էր, ինչը խոսում է համայնքների հետաքրքրվածության մասին:
Թեհրանի ձնամարտի թիմի մարզիչ Արամազդ Բաբային, ով առաջին անգամն էր մասնակցում Համահայկական ձմեռային խաղերին, մեծ ոգևորվածությամբ է մասնակցում ձնամարտի մրցաշարին:
«Ինքս էլ ընդգրկված էի Իրանի ժայռամագլցման թիմում և գիտեմ սպորտի կարևորության մասին: Այստեղ ձնամարտի թիմում ընդգրկված են տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ` ֆուտբոլից, բասկետբոլից: Առաջին անգամն է, որ մասնակցում ենք ձմեռային խաղերին, սակայն Թեհրանի բոլոր թիմերը միշտ էլ մրցակցություն են ապահովել Համահայկական խաղերում»,-ասաց Արամազդ Բաբային:
Անդրադառնալով Համահայկական խաղերի գաղափարին՝ Թեհրանի ներկայացուցիչն առանձնացրեց, որ հայկականության միջավայրում ստեղծվում են առավել ուժեղ կապեր աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած մասնակիցների հետ:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Իրանից ժամանել է մեկ թիմ` Թեհրանից, որը դարձավ ձնամարտի մրցաշարի հաղթող:
Իսկ 2023 թվականի Համահայկական 8-րդ ամառային խաղերին Իրանի ամբողջական պատվիրակության կազմում էր մոտ 230 անձ: