Շվեդական Էռեբրու քաղաքի Campus Risbergska կրթական կենտրոնում հրաձգության զոհ է դարձել 11 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է շվեդական Aftonbladet պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Ոստիկանությունը տուժածների թիվը դեռ չի հայտնում, նաև չի բացահայտում զոհերի ինքնությունը և վիրավորների վիճակը։
35-ամյա հրաձիգը, որը տեղի բնակիչ էր, ինքնասպան է եղել։ Նա ավելի վաղ չէր հայտնվել ոստիկանության տեսադաշտում։ Նախնական տվյալներով՝ նա կապ չունի որևէ ավազակախմբի հետ։ Հետաքննությունն առայժմ ահաբեկչական դրդապատճառ չի դիտարկում։ Հարձակվողի տունն արդեն խուզարկվել է։ Հարձակման դրդապատճառը չի պարզվել։ Ենթադրվում է, որ կրակողը գործել է միայնակ։ Նա հրաձգային զենքի լիցենզիա ուներ։
Կրակողի անունը դեռ պաշտոնապես չի հրապարակվում։ Ըստ Aftonbladet-ի՝ նա ինքնամփոփ անձնավորություն էր՝ հաղորդակցության հետ կապված հնարավոր խնդիրներով, հարազատներից հեռացած, աշխատանք չուներ։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Էռեբրուում տեղի ունեցածը որակել է որպես Շվեդիայի պատմության մեջ ամենասարսափելի զանգվածային հրաձգություն։
Campus Risbergska դպրոցը հնարավորություն է տալիս ստանալ տարրական և միջնակարգ կրթություն 20 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար, շվեդերենի դասընթացներ է անցկացնում օտարերկրացիների համար, կազմակերպում հատուկ ծրագրեր սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար: Դպրոցում հրաձգությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին՝ օրվա կեսերին, երբ բազմաթիվ սովորողներ արդեն դպրոցի տարածքից դուրս էին եկել պետական քննությունից հետո։ Միջադեպի ժամանակ մարդկանց մի մասը մնացել է դպրոցում, այնուհետև տարհանում են անցկացրել։