Եվրոպա

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Նիդեռլանդների Զելանդիա նահանգի Ֆլիսինգեն քաղաքի ծովափնյա հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են հայտնաբերել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Զելանդիայի կենդանիների պաշտպանության հիմնադրամը:

«Մենք հաճախակի ենք տարօրինակ հաղորդագրություններ ստանում, և մեզ արդեն այնքան էլ հեշտությամբ չեն զարմացնի, բայց երբ ստացանք այս հաղորդագրությունը, սկզբում չհավատացինք։ Մեզ զանգահարեցին Boulevard 17 ռեստորանից և ասացին. «Հյուրանոցի համարում փոկ է գտնվում», - ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Փոկը հայտնաբերվել է հյուրանոցի կողմից վարձով տրվող և հենց լողափին գտնվող տնակներից մեկում։ Կենվորները կենդանուն նկատել են իրենց համարի ապակե դռնից։

«Դա տարօրինակ տեսարան էր. դրսում կանգնած հյուրերը մի փոքր նյարդայնացած էին երևում, իսկ միանգամայն անհոգ փոկը ներսում պառկել ու ննջում էր», - հայտնել են հիմնադրամից:

Այնուհետև հիմնադրամը դիմել է Նիդեռլանդների ծովային կենդանիների փրկարարական թիմի (RTZ) գործընկերներին: Այնտեղ հայտնել են, որ փոկերին կարելի է գտնել ամենաարտասովոր վայրերում. նրանք հանգստանալու վայրեր են փնտրում և հաճախ պառկում են մայրուղու կամ ճանապարհի մեջտեղում։

Ի վերջո, փոկին, որն ըստ հաղորդագրության՝ «բավականին զայրացել է ընդհատված քնի պատճառով», տեղափոխել են անվտանգ վայր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում