ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը լավ է գնահատում խաղերի մասնակիցների տրամադրվածությունն ու տրամադրությունը:
«Ե՛վ տրամադրվածությունը, և՛ տրամադրությունները Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում շատ լավ են: Ինքս այցելել եմ մի քանի մրցելույթների հարթակներ ու տեսնում եմ, որ մասնակիցներն ու երկրպագուները շատ ուրախ են, հատկապես նոր սպորտաձևի՝ ձնամարտի համար, որտեղ թեժ պայքար է եղել: Ուրախ եմ, որ ոչ միայն հայաստանյան թիմեր մասնակցեցին, այլ դրսի շատ թիմեր ևս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Իսկ այն հարցին, թե արդյոք արդեն քննարկվո՞ւմ է հաջորդ խաղերում նոր մարզաձևեր ավելացնելու հարցը, Հարությունյանը պատասխանեց, որ այդ մասին կխոսեն փետրվարի 7-ից հետո, երբ ավարտվեն այս խաղերը:
Մինչ այս ավարտվել են ձնամարտի, դահուկավազքի մրցաշարերը: Ձնամարտի լավագույն եռյակում Թեհրանի, Զերմուկի թիմերն են և Արմավիրի մարզի «Խոյ» թիմը: Դահուկավազքի տղաների պայքարում լավագույն եռյակում Աշոցքի ներկայացուցիչներն են` Միքայել Միքայելյանը, Սպարտակ Ոսկանյանը, Թադևոս Պողոսյանը, իսկ կանանց պայքարում լավագույնները Վասելինա Խաչատրյանը (Սոչի), Կատյա Գալստյանը (Աշոցք) ու Ռոզա Սիմոնյանն են (Գյումրի):
Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։