Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարի առաջատարները հայաստանյան թիմերն են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Համահայկական խաղերի շախմատի մրցաշարի գլխավոր մրցավար Նաիրա Մովսիսյանը:
«Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարն ընթանում է բավականին ջերմ մթնոլորտում: Մրցաշարի մասնակիցների մեծամասնությունն այստեղ է ոչ միայն հաղթանակի, այլ նաև մեր մյուս հայրենակիցների հետ ծանոթանալու ու հետագայում համագործակցելու համար: Ինչպես նաև սփյուռքից եկած մեր հայրենակիցներին մեր հայրենիքը ներկայացնելու լավ հնարավորություն է»,-ասաց Նաիրա Մովսիսյանը:
Մրցումային երկրորդ օրվա ավարտից հետո տղամարդկանց պայքարում կա 4 առաջատար, իսկ կանանց պայքարում` 3 առաջատար: Ոչ մի պարտություն չկրած առաջատարները Հայաստանից են։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին մասնակցում է 210 շախմատիստ Հայաստանից, Ռուսաստանի մի քանի քաղաքից, եվրոպական քաղաքներից, այս մրցաշարում տարիքային սահմանափակում չկա: Մասնակիցներն ուժերն են չափում արագ շախմատում, որի մրցաշարը բաղկացած է 9 տուրից: