Սպորտ

Շախմատի մրցաշարին մասնակցող Վիեննայի ներկայացուցիչը կարևորում է Համահայկական խաղերի միջոցով միավորվելու գաղափարը

2 րոպեի ընթերցում

Շախմատի մրցաշարին մասնակցող Վիեննայի ներկայացուցիչը կարևորում է Համահայկական խաղերի միջոցով միավորվելու գաղափարը

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարի ամենաավագ մասնակիցներից մեկը Վիեննայի թիմի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանն է: 
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդան Հակոբյանը կիսվեց իր տպավորություններով:

«Առաջին անգամն է, որ մասնակցում եմ Համահայկական խաղերին: Ճատրակ խաղալ սկսել եմ միայն 15 տարեկանից և այս խաղի մեծ սիրահար եմ: Ինքս բազմաթիվ մրցաշարերի եմ մասնակցել: Ինձ համար բնավ էական չէ՝ կհաղթեմ, թե կպարտվեմ, ինձ համար առավել մեծ խորհուրդ ունի Համահայկական խաղերով միավորվելու գաղափարը»,-ասաց Հակոբյանը:

Այս օրերին անցկացվող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 210 շախմատիստներ: Շախմատի մրցաշարին մասնակցում են մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից, Ռուսաստանի մի քանի քաղաքներից, եվրոպական քաղաքներից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարում տարիքային սահմանափակում չկա: Մասնակիցներն ուժերն են չափում արագ շախմատում, որը բաղկացած է 9 տուրից: 

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական ձմեռային խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում