Եկամուտների մեծ մասն ավտոմատ կլրացվի, քաղաքացին պետք է միայն ստուգի և հաստատի. ՊԵԿ նախագահ
1 րոպեի ընթերցում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայով քննարկման ընթացքում ներկայացրել է հայտարարագրման ավտոմատացման ծրագրերը։
«Վարձու աշխատողների եկամուտները մեծ մասամբ ինքնաշխատ եղանակով են լրացվելու, եթե չունեն կողմնակի եկամուտներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը։
Ըստ Հակոբյանի՝ ավտոմատ լրացվելու են հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձը, ուսման վարձի վերադարձը, շահաբաժինների դիմաց եկամտային հարկի վերադարձը, կուտակային կենսաթոշակի պետական հատկացումները, տաքսիների հարկման համակարգով ստացված եկամուտները,Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի տեղեկատվությունը՝ ավանդներ, արժեթղթեր, վարկեր, փոխառություններ, ապահովագրական հատուցումներ և այլ եկամուտներ, նպաստները, կենսաթոշակները, սոցիալական օժանդակության վճարումները, «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները։
«Սրանք առաջիկա ծրագրեր են և սրանք ներդնելու պարագայում բազմաթիվ հայրենակիցների եկամուտների մեծ մասը ավտոմատ կերպով լրացվելու է և նրանցից պահանջվելու է միայն մտնել, ստուգել և հաստատել»,- ասաց Հակոբյանը։