ԵՐԵՎԱՆ, 15ՄԱՐՏԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1880 թ. մարտի 15-ին լույս տեսավ «Պսակ» թերթը՝ Երեւանի առաջին պարբերականը (ընդհատումներով լույս է տեսել մինչեւ 1884 թ. ապրիլի 7-ը):
-1921 թ. մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար եւ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։
-1851 թ. մարտի 15-ին ծնվել է Ուիլյամ Միտչել Ռամզին՝ շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ (վախճ.՝ 1939 թ.)։
-1919 թ. մարտի 15-ին ծնվել է Ջորջ Ավագյանը՝ ամերիկահայ պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից:
-1935 թ. մարտի 15-ին ծնվել է Լեոնիդ Ենգիբարյանը՝ կրկեսի, էստրադայի եւ կինոյի հայ նշանավոր դերասան, ծաղրածու, մնջկատակ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971), (վախճ.՝ 1972 թ.)։
-1938 թ. մարտի 15-ին ծնվել է Կիմ Աղաբեկյանը՝ հայ գրականագետ:
-1975 թ. մարտի 15-ին ծնվել է Վեսելին Թոփալովը՝ բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր (1992), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն (2005):
-2005 թ. մարտի 15-ին մահացել է Ռազմիկ Վասիլյանը: 1989 թ. ապրիլի 24-ին հիմնադրել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցը, որի գլխավոր հրամանատարն էլ դարձել է։ Կենսական անհրաժեշտություն համարելով հայկական կանոնավոր բանակ ունենալը, Ռազմիկ Վասիլյանը բազմիցս հայտարարել է դրա ստեղծման անհրաժեշտության մասին՝ իր անձը նվիրելով բանակի ստեղծման ու կայացման սուրբ գործին։ Ստեղծման պահից ՀԱԲ-ը սկսեց լայն թափով կազմակերպվել։ Ստեղծվեցին բազմաթիվ ջոկատներ, որոնք հանձն առան Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ ներառելով Արցախը։ Ամենատարբեր տվյալներով՝ ՀԱԲ-ում կար շուրջ 160 հազար զինվոր։ ՀՀ իշխանությունների հետ ունեցած հակասությունների պատճառով, չընտրելով նրանց հետ առճակատման եւ երկրի ներքին կայունությունը խախտելու ճանապարհը, Ռազմիկ Վասիլյանը որոշեց լուծարել ՀԱԲ-ը, սակայն ջոկատի ազատամարտիկները շարունակեցին մասնակցել պատերազմին տարբեր ջոկատների կազմում, իսկ պատերազմի ավարտից հետո շատերը համալրեցին նաեւ հայկական բանակի սպայական կազմը։ Մահացել է Երեւանում՝ պատերազմի տարիներին ձեռք բերած հիվանդության պատճառով։ Աճյունն ամփոփված է «Եռաբլուր» պանթեոնում։
Հետաքրքիր է իմանալ
Բեռլին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը եւ 16 նահանգից մեկը։ Ունենալով 3,5 միլիոն բնակչություն՝ այն Եվրոպական միության երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքն է եւ յոթերորդը՝ ըստ քաղաքային տարածքի։
Տեղակայված լինելով Գերմանիայի հյուսիսարեւելյան հատվածում՝ Հավել (գերմաներեն՝ Havel) եւ Շփրե (գերմաներեն՝ Spree) գետերի ափին, Բեռլին-Բրանդենբուրգյան մայրաքաղաքային շրջանի կենտրոնն է, որն ունի մոտավորապես 6 միլիոն բնակչություն (180 վարչական միավորները միասին վերցված)։ Քաղաքի տարածքի շուրջ 1/3 մասը ծածկված է անտառներով, այգիներով, պարտեզներով, գետերով եւ լճերով։
Առաջին անգամ քաղաքը պաշտոնապես հաստատվել է 13-րդ դարում եւ երկու կարեւոր պատմական առեւտրային ուղիների հատման գծում է։ Այն եղել է Բրանդենբուրգի Մարգրեյվ շրջանի մայրաքաղաքը (1417-1701 թթ.), ինչպես նաեւ Պրուսիայի թագավորության (1701-1918 թթ.), Գերմանական կայսրության (1871-1918 թթ.), Վեյմարյան Հանրապետության (1919-1933 թթ.) եւ Երրորդ կայսրության մայրաքաղաքն ու խոշորագույն կենտրոնը։
Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո քաղաքը բաժանվեց երկու մասի։ Բեռլինի արեւելյան մասը դարձավ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, մինչդեռ Արեւմտյան Բեռլինը փաստացի դարձավ Ֆեդերատիվ Գերմանիայի էքսկլավը՝ շրջապատված Բեռլինի պատով (1961-1989 թթ.)։ Հետեւելով 1990 թ. Գերմանիայի վերամիավորմանը՝ Բեռլինը եւս մեկ անգամ նշանակվեց որպես Միասնական Գերմանիայի մայրաքաղաք։ Բեռլինը աշխարհին հայտնի է որպես մշակույթի, քաղաքականության, մեդիայի եւ գիտության կոսմոպոլիտական քաղաք։
Ա.Հ.