ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու ստացված ահազանգերը վկայում են, որ 2025-ի հունվարին ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում, ըստ հրապարակված տեղեկատվության, ինքնասպանության 2 դեպք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպան Անահիտ Մանասյանը մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում և հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին:
«Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով իրավասու մարմիններից պահանջել է պարզաբանումներ և վարույթների արդյունավետ քննության կապակցությամբ գրություն հասցեագրել Քննչական կոմիտե:
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ: