Երևանում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված պուրակի նախագիծը վերջնական պատրաստ կլինի մայիսին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բուսաբանական այգու տարածքում Արցախյան պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված պուրակի նախագիծը վերջնական պատրաստ կլինի մայիսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը:

«Ծրագիրը նախագծային փուլում է: Նախագծով նախատեսվում է հետևյալը: Բուսաբանական այգու բարձր հատվածում՝ բլրի վրա, լինելու է հուշակոթող: Հիմա մենք աշխատում ենք այդ վայրի՝ հուշահարթակի ու շրջակա տարածքի բարեկարգման ուղղությամբ: Նախատեսվում է վերակառուցել բուսաբանական այգում գտնվող հուշահարթակի տարածքը: Այնտեղ արդեն կան հատակագծային լուծումներ, սակայն վերջնական արդյունքում լինելու է այնպես, որ ծառուղիները, որոնք կապված են բլրին, ոլորապտույտներով բարձրանան գագաթ: Հուշահարթակի հետ կապված աշխատանքների ավարտից հետո կանցկացվի նախագծային մրցույթ արդեն բուն հուշակաթողի նախագծման համար: Մենք նախնական բոլոր աշխատանքները կանենք հարթակի հետ կապված, որ մնա հուշակոթողի մրցույթի իրականացումը»,-ասաց Սիրեկան Օհանյանը:

«Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը տեղեկացրեց, որ կլինի խմելու, ոռոգման ջրի ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն: Ամբողջ այգու տարածքը պետք է ապահովվի ոռոգման համակարգով: Դրա համար աշխատանք է տարվում նոր ոռոգման ջրագծի կառուցման նախագծի ուղղությամբ: Այն կապահովի անհրաժեշտ ջրի մատակարարումը:

Նախատեսվում է նոր մուտք Ծարավ Աղբյուրի փողոցի կողմից: Կկառուցվի մոտ 200 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Մուտքի մոտ կլինի այցելուների սպասարկման տաղավար: Պուրակի այն հատվածում, որտեղ թեքությունը շատ չէ, կնախատեսվի հեծանվային ուղի: Ծառուղիները լուսավորվելու են գեղեցիկ լուսավորությամբ, կլինեն համապատասխան նստարաններ, աղբամաններ: Այսինքն՝ բոլոր հնարավոր ենթակառուցվածքները պուրակի հետ կապված կլինեն: Տեղում գոյություն ունի աստիճանաձև բուլվար, որը կվերականգնվի ծաղկային ձևավորումներով:

Պուրակի նախագծային ընդհանուր տարածքը 30 հա է: Թե որքան ծառ կտնկվի, Սիրեկան Օհանյանը դժվարացավ պատասխանել: Նրա խոսքով, այժմ հստակեցնում են այն հատվածները, որտեղ կարվեն սանիտարական էտումներ: Այնուհետև այգու տնօրինության կողմից կներկայացվեն ծառատեսակների առաջարկներ: Սիրեկան Օհանյանը նշեց, որ այգու կանաչապատ հատվածներն այնպես չէ, որ բավարար վիճակում են, հետևաբար կանաչապատումը, ծառերի տնկումը ամբողջական պետք է դիտարկել:

«Այս տարի ամբողջ ծրագրի նախագծային ժամկետը մայիսին կավարտվի: Տրամաբանական է, որ դրանից հետո մրցույթ կհայտարարվի շինարարության համար: Վերջնական արդյունքում ունենալու ենք ժամանակակից լուծումներով հուշապուրակ, ապրելու այգի, որի բովանդակությունը լինելու է հետևյալը՝ կյանքը շարունակվում է, ոչ ոք չի մոռացվում: Կյանքով լեցուն պուրակ ենք ունենալու»,-հավելեց Սիրեկան Օհանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երեւանի բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակ, որտեղ Արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը: «Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանակ են անցկացնելու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եվ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին»,-նշել է վարչապետը:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա