Մշակույթ

«Ռոմեո և Ջուլիետ» բալետն Օպերային թատրոնի թատերախմբին մեկ աստիճան վեր կբարձրացնի. Կարեն Դուրգարյան

2 րոպեի ընթերցում

«Ռոմեո և Ջուլիետ» բալետն Օպերային թատրոնի թատերախմբին մեկ աստիճան վեր կբարձրացնի. Կարեն Դուրգարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը շուտով համալրելու է ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը: Այն երևանյան թատրոնում բեմադրելու է բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովը, որի շնորհիվ դեռ 1970 թվականին «Ռոմեո և Ջուլիետ» բալետն առաջին անգամ ներկայացվել էր Երևանի օպերային թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն ասաց՝ իրենց համար պատիվ է Վինոգրադովի հետ համագործակցելը: «Ես նրա հետ աշխատել եմ 2008 թվականին Սանկտ Պետերբուրգի Միխաիլովյան թատրոնում, եղել եմ «Ռոմեո և Ջուլիետ» բալետի երաժշտական ղեկավարը: Մեզ համար էական է, որ Վինոգրադովի բեմադրություններից լինի նաև Հայաստանում, որովհետև շատ կարևորում ենք նրա պրոֆեսիոնալիզմը, իսկ մեր բալետային խմբի հաջորդ քայլը պետք է մեկ աստիճան վեր բարձրանալը լինի»,-նշում է Դուրգարյանն ու հավելում, որ որոշել են բեմադրել «Ռոմեո և Ջուլիետ»-ը, քանի որ այն մինչ օրս արդիական է և սիրված և հնարավորություն կտա բալետային խմբին ավելի հաճախ ելույթ ունենալ միջազգային ասպարեզում:

Օլեգ Վինոգրադովի բեմադրությամբ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը շրջում է աշխարհի տարբեր երկրներում, սակայն այն հարմարեցվելու է օպերային թատրոնի բալետային խմբին: Դուրգարյանն այն բրենդային գործ է համարում, այնպիսին, ինչպիսին Յուրի Գրիգարովիչի բեմադրությամբ Արամ Խաչատրյանի «Սպարտակը»: Նա վստահ է՝ լավ աշխատանքի դեպքում կարող են շատ բանի հասնել:

«Վինոգրադովը գիտի՝ ինչպես աշխատել երիտասարդների հետ, ինչպես ոգևորել նրանց ու առաջ գնալ»,-եզրափակում է Կարեն Դուրգարյանը:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում