Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բալետի խնդիրը կնոջ և տղամարդու գեղեցկությունը կատարելագործելն է. Օլեգ Վինոգրադովը 50 տարվա դադարից հետո Երևանում կրկին կբեմադրի «Ռոմեո և Ջուլիետը»

Բալետի խնդիրը կնոջ և տղամարդու գեղեցկությունը կատարելագործելն է. Օլեգ 
Վինոգրադովը 50 տարվա դադարից հետո Երևանում կրկին կբեմադրի «Ռոմեո և 
Ջուլիետը»

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կես դար անց Հայաստան է ժամանել լեգենդար բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովը: Բալետմայստերը, որը 1970 թվականին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բեմադրել է հռչակավոր կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը, այս անգամ ևս անդրադառնալու է այդ գործին՝ այն մատուցելով համաշխարհային պահանջներին համապատասխան մոտեցումներով:

Վինոգրադովը վստահ է՝ յուրաքանչյուր բալետային թատերախմբից կարելի է յուրահատուկ բան ստանալ՝ օգտագործելով նրա առանձնահատկությունները:

«Արմենպրես»-ի թղթակիցն Օպերային թատրոնում զրուցել է բալետմայստերի հետ, որը պատմել է բալետի բացառիկության, յուրահատկությունների մասին:

-Պարոն Վինոգրադով, Հայաստանում եղել եք 50 տարի առաջ և այստեղ բեմադրել Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը: Ինչպե՞ս որոշեցիք կրկին վերադառնալ մեր երկիր:

-Ինձ Հայաստան է բերել այն, որ Օպերային թատրոնում այժմ մի ղեկավարություն է, որը գիտի, թե ինչ է պետք անել: Դեռ ուշ չէ, դեռ ամեն ինչ կորած չէ, սակայն կորած է շատ բան՝ ժամանակը, որն արտիստների դեմ է աշխատում: Բալետի արտիստների բեմական կյանքը շատ կարճ է՝ ընդամենը քսան տարի, ակտիվ կյանքը՝ տասը տարի, ուստի կորցրած ամեն մի շրջանը, ամեն տարին, ամիսը և շաբաթն արտացոլվում են նրա մարզավիճակի վրա, իսկ բալետի արտիստի մարմնակազմությունը յուրահատուկ է: Նրանք յուրահատուկ մարդիկ են, որովհետև բալետն արվեստի բացառիկ տեսակներից է և ամենասքանչելին է: Ինչո՞ւ, որովհետև բալետն արտահայտում է  գեղեցկությունը…

- Ինչի՞ գեղեցկությունը՝ մարմնի՞, հոգո՞ւ…

-Կնոջ գեղեցկությունը: Մարդկությունն ամեն ինչով պարտական է կանանց, և բալետի հիմքը կանացի գեղեցկությունն է, նրա էությունը, որի վրա հիմնված է բալետի ամբողջ դպրոցը, անատոմիան, ֆիզիկան: Դասական բալետի յուրահատկությունները յուրահատուկ գործիքներ են՝ ֆիզիկական, հոգևոր, գեղագիտական: Բալետում մարդիկ են, որոնք… սովորական չեն, բացառիկ են: Դա էլիտա է՝ Աստծո ստեղծած, կատարելագործված գեղեցկությունը: Բալետի խնդիրը կանացի, տղամարդկային գեղեցկությունը կատարելագործելն է: Ի՞նչն է հանդիսատեսին, մարդկանց դաստիարակում ամենից շատ, մեզ բոլորիս… Արվեստը, թատրոնը,  բալետը, երաժշտությունը:

Շատ հաճելի է, որ Օպերային թատրոնի նոր ղեկավարությունը դա հասկանում է: Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը եզակի անհատ է, հրաշալի պրոֆեսիոնալ, նրբազգաց երաժիշտ: Բազմաթիվ դիրիժորների հետ եմ աշխատել, շատերին եմ ճանաչել: Ծանոթ եմ եղել Հերբերտ ֆոն Կարայանի, Կառլ Բյոմի, այլոց հետ: Թե ինչպես է Կարեն Դուրգարյանը ղեկավարել «Ռոմեո և Ջուլիետ» բալետը Պետերբուրգի Միխաիլովյան թատրոնում, Նովոսիբիրսկի թատրոնում, շատ բանով է տարբերվում: Նա խորությամբ ընկալում է հեղինակի գաղափարը: Դա շատ կարևոր է: Դիրիժորների մեծ մասին չի հետաքրքրում այն, ինչ կատարվում է բեմում, նրանք ուղղակի ուշադրությունը սևեռում են պարտիտուրի վրա, անգամ բեմին չեն նայում, իսկ Դուրգարյանն ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ գիտի: Ինձ համար մեծ ուրախություն է նրան հանդիպել և՛ Պետերբուրգում, և՛ Նովոսիբիրսկում: Այն հանգամանքը, որ Դուրգարյանը որոշել է մեր համագործակցությունը շարունակել Երևանում, հաճելի է, քանի որ 50 տարի առաջ, երբ մենք առաջին անգամ «Ռոմեո և Ջուլիետը» բեմադրեցինք Հայաստանում, ոգևորված էինք:

Անհրաժեշտ է այս ներկայացումն այնպես բեմադրել, որ այն համապատասխանի  ոչ թե միջազգային բարձրակարգ ստանդարտներին, այլ գեղարվեստական  մակարդակին: Մենք պետք է ինքնատիպ, տարբերվող ներկայացում ստեղծենք: Դուրգարյանի հետ վերակենդանացնելու ենք բալետային թատերախումբը, ստեղծելու ենք նոր որակավորմամբ աչքի ընկնող խումբ, որին կճանաչի ամբողջ աշխարհը, իսկ ես գիտեմ, թե ինչպես է դա արվում: Կներգրավեմ իմ օգնականներին, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են նաև դասեր տալ, աշխատել ոչ միայն դերասանների, այլև տեխնիկական անձնակազմի հետ: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ այս ներկայացման բեմանկարիչը՝ իմ լավ ընկեր Վյաչեսլավ Օկունևը, աշխարհում լավագույններից է, որի հետ աշխատել ենք իմ բոլոր բեմադրություններում: Օկունևը թատրոնի հրաշալի գիտակ է, փայլուն պրոֆեսիոնալ, որն ունի նկարչին անհրաժեշտ բոլոր հատկանիշները: Իսկ դուք գիտեք, որ այսօր բազմաթիվ նկարիչներ մոռացել են նկարելը: Մեր նպատակը Երևանի, Հայաստանի համար էտալոնային արտադրանք ստեղծելն է, որը ներկայացնելն ամոթ չի լինի: Այնպիսի մի բան, որն այսօր տեսա Սերգեյ Փարաջանովի թանգարանում, մարդու, որն իմ ընկերն է եղել:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ դասական բալետն առեղծված է, որը պետք է անընդհատ բացահայտել…

-Բալետն առեղծված է, որը շատ քչերն են հասկանում, և շատ քչերն են ի վիճակի հասկանալ, բայց դրանում նրա առավելությունն է: Եթե դուք նորմալ մարդ եք, ունեք ուղեղ, որն ինչ-որ բանով պետք է լցված լինի, այն լցնում եք նրանով, ինչը դուք ցանկանում եք: Եթե ինչ-որ բան չգիտեք, դա ձեզ անհանգստացնում է, սկսում եք հետաքրքրվել, փնտրել և այդպես զարգանում եք: Եվ հենց դա է արվեստի խնդիրը, եթե այն պրիմիտիվ չէ: Որքան բարդ է արվեստը, այնքան դժվար է այն հասկանալ և դրանով այն ավելի օգտակար է, ինչպես լավ դեղամիջոցը:

-Ըստ ձեզ՝ ժամանակակից բալետմայստերներին, պարուսույցներին հաջողվո՞ւմ է բալետի միջոցով հենց այդ խնդիրները լուծել:

-Դա սադրիչ հարց է: Ժամանակակից է այն ամենը, ինչն անճոռնի չէ: Ես դիտում էի Փարաջոնովի նկարները, կոլաժները: Նա ժամանակակի՞ց է, թե՞ ոչ: Նա հավերժ է, հանճար է և նման չէ որևէ մեկին: Շատերը նրան չեն հասկանում. հանճարներին միշտ էլ չեն հասկանում: Հանճարները ստիպում են հասկանալ իրենց: Ինքս միշտ զբաղվել եմ ժամանակակից խորեոգրաֆիայով: «Ռոմեո և Ջուլիետը» առաջին բեմադրությունն էր, որը ոչ ավանդական մոտեցմամբ էի մատուցել, ոչ այնպես, ինչպես Մեծ թատրոնում, ոչ այնպես, ինչպես արել էին Լավրովսկին, Ուլանովան: Ես արեցի բեմադրությունը, որը ես էի զգում: Այդ ժամանակ 25 տարեկան էի: Բեմադրեցի ներկայացում երեխաների, սիրո մասին: Դա ժամանակակի՞ց է, թե ոչ: Ինձ համար գոյություն ունի միայն մի լեզու՝ ավանդական դասականը, որը կարող է  ռեալիզացնել ամեն ինչ: Մարդիկ, որոնք դա չեն հասկանում, անկիրթ են, հիմնականում  սրիկաներ են, որոնք առանց կրթության  պղծում են գեղեցկությունը, այնինչ դասական բալետում ոչ մի տգեղ դիրք չկա: Այնտեղ հնարավոր չէ պարզապես կանգնել: Բալետը բարձրագույն արժեք է, որը երբեք չի մեռնի, որքան էլ սրիկաներ հայտնվեն, որքան էլ փորձեն մեզ հագեցնել էպատաժով, փչանել հեղինակի գաղափարը:

Մենք որոշել ենք և հույս ունենք, որ կստացվի բեմադրել ներկայացումներ, որոնք աստիճանաբար կվերադարձնեն Երևանի օպերային թատրոնի բալետային թատերախմբի պրոֆեսիոնալիզմը: Կլինեն ներկայացումներ տարբեր ձևաչափերի, գեղագիտության, բայց ուղղված միայն գեղեցկություն սերմանելուն, առողջ մտքին, խելքին և գեղագիտությանը:

-Նշեցիք, որ 25 տարեկանում «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրելիս յուրովի եք տեսել հերոսներին: Ինչպե՞ս եք  նրանց ընկալում այսօր: Ձեր հայացքները փոխվե՞լ են:

-Դա հավերժական թեմա է, որը խոսում է այն մասին, թե ինչ է իսկական սերը: Հիմա էլ նման սերեր կան: Հենց այսօր մեր իրական կյանքում: Տարբեր երկրներում ապրում են Ռոմեոներ և Ջուլիետներ, որոնք կրկնում են այդ սխրանքը՝ ծանոթ լինելով Շեքսպիրի երկին կամ չիմանալով այն: Դա իսկապես հավերժական թեմա է:

-Եթե չեմ սխալվում, նախատեսում եք Երևանում նաև Պրոկոֆևի «Մոխրոտը» բեմադրել:

-Այժմ թատերախմբին շատ տարբեր ներկայացումների տեսագրություններ եմ ցույց տալիս: Երբ բալետի արտիստները դիտում են այդ նյութերը, նրանց աչքերն ասես բացվեն: Այն, ինչ տեսնում են, նրանց դուր է գալիս: Մեր խնդիրն այն է, որ պարողները ցանկանան աշխատել, պարել, որովհետև դրան են նվիրել իրենց կյանքը: Կրկնում եմ, որ բալետը ծանրագույն արվեստ է, ինքնազոհողություն է: Բալետի արտիստները չեն ապրում իրական կյանքով: Նրանց մարմինը ենթարկվում է զարգացման օրենքներին: Բալետն առողջության արվեստ է: Այն ենթադրում է մշտական շարժում, մարզում, մարմնի  զարգացում, կոորդինացիա:

-Մի առիթով ասել եք, որ աշխարհում բալետային արվեստում լուրջ ճգնաժամ է: Մինչ օրս այդպե՞ս եք մտածում:

-Այո: Հիմա առավել քան երբևէ այդպես է: Երբ հասանելի է դարձել ինտերնետը, որտեղ ամեն ինչ կա, ամեն ինչ երևում է, յուրաքանչյուրի ուղեղը կարելի է լվանալ, գրագողություն անել, ինչն էլ արվում է, շատ կարևոր է հստակ իմանալ, թե ով ով է և համապատասխանել այն չափանիշներին, որոնք գոյություն ունեն աշխարհում: Այդ ամենը կապված է գեղեցկություն հասկացության հետ:

-Պարոն Վինոգրադով, Հայաստանից զատ ի՞նչ այլ երկրներից հետաքրքիր համագործակցության առաջարկներ կան: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Իմ բախտը բերել է. աշխատել եմ աշխարհի գրեթե բոլոր հայտնի թատրոններում՝ Եվրոպական երկրներում, Ճապոնիայում, Կորեայում… 23 տարի ղեկավարել եմ Մարիինյան թատրոնի բալետային խումբը, 30 տարի կապ եմ ունեցել Հարավային Կորեայի բալետային խմբի հետ, ԱՄՆ ինձ անձամբ հրավիրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Ինձ համար ԱՄՆ-ում հրաշալի դպրոց է կառուցվել, որը մինչ օրս գոյություն ունի, այնինչ այնտեղ հեշտ չէ, այնտեղ կա ամեն ինչ բացի բալետից, որը, ցավոք, դեռ երկար ժամանակ չի լինի: Ճապոնիայում, որտեղ պաշտում են դասական բալետը, բալետ երբեք չի լինի, քանի որ կառուցվածքն է այլ, կանայք են այլ, գեղեցիկ են, երաժշտական, բոլորը ցանկանում են պարել, բայց բնությունն այլ է: Կորեացիներն այլ են, չինացիները՝ բոլորովին այլ: Շատ վատ է զարգանում չինական բալետը, չնայած այն ավանդույթներ ունի: Չինական քաղաքակրթությունը դարավոր պատմություն ունի, կարելի է ասել, որ ամեն ինչ է առաջ եկել Հին Չինաստանում: Աշխատել եմ տարբեր երկրներում, քանի որ շատ լավ եմ իմացել, թե ինչ է մեզ հարկավոր: Մինչ աշխատել սկսելը ինքս ինձ հարց եմ տվել՝ արժե՞ տվյալ երկրում աշխատել, թե՞ ոչ: Վերջին առաջնախաղը նախորդ տարի էր Մախաչկալայում, որն առհասարակ բալետ չուներ, ավանդույթներ, ոչինչ չկար: Ռասուլ Համզաթովի բանաստեղծությունների հիման վրա ազգագրական բալետ եմ բեմադրել Մարիինյան թատրոնում. դա իմ առաջին բալետն էր այնտեղ որպես խորեոգրաֆ. մենք միանգամից պետական մրցանակի արժանացանք: Այդ բեմադրության մեջ պարում էին գերաստղեր Նատալիա Մակարովան, Գաբրիելա Կոմլևան, Միխայիլ Բարիշնիկովը: Նախորդ տարի իմ լավ ընկերը՝ հրաշալի կոմպոզիտոր Մուրադ Կաժլաևը, որն 90 տարեկան է, շատ ցանկացավ, որ այդ բեմադրությունը տանեմ իր հարազատ քաղաք: Երբ տեսա Մախաչկալայի թատերախումբը, դա այն չէր, ինչ  տեսնում եմ ձեր թատրոնում, փառք Աստծո, այստեղի բալետային թատերախմբից նորմալ տպավորություն եմ ստացել, իսկ այնտեղ անգամ հուզիչ էր. ոչինչ չկար, բայց նրանք իրենց ազգագրական նյութը պարում են այնպես, ինչպես ոչ մի ակադեմիական թատրոն չի կարող: Ես ստիպված էի հրաժարվել այն ամենից, ինչ արել էի առաջ և ստեղծել բալետ առանց բալետի: Ստիպված չէի նրանցից ստանալ այլ բան. նրանք այնպիսին են, ինչպիսին կան: Դա այնքան հրաշալի էր: Ինձ համար բացահայտում էր:

Երևանում «Ռոմեո և Ջուլիետ» բալետի փորձերը կսկսենք մարտին: Կարող եք գալ, հետևել փորձերին, քանի որ արտիստներն աչքի առաջ ծնվում են, աճում և երբեմն առաջնախաղերի ժամանակ ուղղակի չեք ճանաչում նրանց: Դա բացահայտում է, և հենց դրանում է մեր խնդիրը:

-Շնորհակալ եմ, պարոն Վինոգրադով: Ինձ համար պատիվ էր ձեզ հետ զրուցելը: Անհամբեր կսպասենք առաջնախաղին:

-Հաճելի էր:

Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]