Մշակույթի, թատրոնի միջոցով ճանաչում ես ինքդ քեզ, ուրիշին, աշխարհը. Ռուբեն Բաբայան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնն սկսվում է հենց մուտքից: Հանդիսատեսը թատրոնի մուտքից պետք է հասկանա, որ եկել է ուրիշ աշխարհ: Մարդիկ թատրոն են գալիս ոչ թե իրենց առօրյան շարունակելու, այլ ուրիշ դաշտ տեղափոխվելու համար: Հենց մուտքից կարելի է փչացնել հանդիսատեսի տրամադրությունը կամ բարձրացնել այն: Մի ժպիտ, բարև, մի քիչ ուշադրություն… Յուրաքանչյուր մարդ ուշադրության կարիք ունի, և, եթե նա զգում է, որ ուշադրության կենտրոնում է, որ կարևոր է որպես հանդիսատես, անհատ, անձ, միանգամից լավ է զգում: Այսպես է կարծում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որի հետ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թատրոնի, Հայաստանում թատերական զարգացումների և Տիկնիկային թատրոնի առաջիկա ծրագրերի մասին:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թատրոնն իրականում շատ տարբեր է. նույնիսկ չենք կարող ասել, որ հայկական թատրոնը սա է, իսկ իտալականը՝ սա: Բաբայանին հարազատ է խոսող թատրոնը: «Ինտերակտիվ թատրոնը ոչ թե պարտադրում է, որ հանդիսականը միանգամից արձագանքի ծափահարություններով կամ այլ կերպ, այլ հասկանա, որ նրա հետ լուրջ են զրուցում ու չեն փորձում ինչ-որ բան սովորեցնել: Թատրոնը բացում է մարդու խորությունը: Երբ ասում ենք, որ հասարակության մեջ տիրում է անհանդուրժողականություն, ատելություն, մենք մոռանում ենք, որ դա գալիս է մշակութային կրթության պակասից, որովհետև մշակույթի միջոցով ես դու ճանաչում ինքդ քեզ, ուրիշին, աշխարհը, հասկանում, թե ինչքան հարուստ է աշխարհն ու զանազան: Թատրոնը միշտ ունի ուղերձներ, քանի որ ժամանակի արվեստ է. ծնվում է այս պահին, մահանում այս պահին և պետք է արձագանքի այն պահանջներին, որոնք կան այսօր»,-շեշտում է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու հավելում՝ պետք է իմանալ, թե ինչի կարիք կա՝ վերքերը բուժելո՞ւ, թե՞ վերքերի վրա աղ լցնելու, կարիք կա հանդիսատեսին ցույց տալու, որ կյանքում միշտ կա լուսավոր կետ և երբեք չի կարելի հիասթափվել ու մերժել կյանքը, թե՞ թատերասերին ասելու, որ որևէ լուսավոր կետ չկա, որովհետև լուսավոր կետն իրականում մեզնից դուրս չէ, այն մենք ենք սփռում: Ռուբեն Բաբայանի համար կարևոր է հանդիսատեսին ցույց տալ, որ լույսը հենց նա է:

Ռեժիսորն անդրադառնում է նաև ներկայիս հայաստանյան թատերական իրականությանն ու հավաստիացնում, որ այն, ինչ կատարվում է հայ թատրոնում, շատ ողջունելի է, քանի որ ոլորտում բազմաթիվ երիտասարդ և հրաշալի ռեժիսորներ կան, որոնցից են Վահան Բադալյանը, Գրիգոր Խաչատրյանը, Նորա Գրիգորյանը, Գոռ Մարգարյանը, Նարինե Գրիգորյանը, Սամսոն Մովսեսյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Զառա Անտոնյանը, Սուրեն Շահվերդյանը, Լիլի Էլբակյանը, Լուսինե Երնջակյանը և այլք: «Մենք այդ քանակությամբ իրարից տարբերվող ռեժիսորներ, այդպիսի անհատականություններ չենք ունեցել: Եկել է մի սերունդ, որը շատ ավելի բաց է: Դրան օժանդակել են նաև միջազգային փառատոնները»,-նշում է Բաբայանը:

Խոսելով Տիկնիկային թատրոնի առաջիկա ծրագրերի մասին՝ նա ընդգծում է, որ տարին հարուստ է լինելու նոր ներկայացումներով, անելու են հնարավորը, որ թատրոնը հյուրընկալի ռեժիսորների արտերկրից: Պատրաստվում են հյուրախաղերով հանդես գալ և՛ Հայաստանի մարզերում, և՛ Արցախում:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին