Մշակույթ

Թատրոնի կառավարման ձևը պետք է փոխվի. Ռուբեն Բաբայան

3 րոպեի ընթերցում

Թատրոնի կառավարման ձևը պետք է փոխվի. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, այնինչ թատրոնի կառավարման ձևը նույնն է մնացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա ասաց հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Կան խնդիրներ կապված աշխատանքային օրենսգրքի հետ, որը բացարձակապես հաշվի չի առնում թատրոնի ստեղծագործական բնույթը, ստեղծագործողի կարգավիճակը: Փառք Աստծո, գնումների մասին օրենքի հետ կապված որոշակի փոփոխություններ տեղի ունեցան: Պետք է փաստել, որ թատրոններում չափազանց մեծ է բյուրոկրատիան: Թղթավարությունն ահռելի չափերի է հասել: Թատրոնի կառավարման ձևը պետք է փոխվի: Ասել եմ և հիմա էլ կասեմ, որ երկրում չի զարգանա ազատ արվեստը, քանի դեռ չի ընդունվել մեկենասության մասին օրենքը, ինչը չափազանց կարևոր է: Սա միայն ֆինանսական հարց չէ, սա նաև բիզնեսը արվեստին կապելու հարց է»,-շեշտեց Բաբայանը:

Նրա խոսքով` արվեստը պետք է կարողանա զարգանալ նաև պետությունից անկախ: «Հայաստանը պետք է ունենա սիմֆոնիկ նվագախումբ, պետք է ունենա կամերային նվագախումբ, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, պատկերասրահ, քանի որ այդ ամենը մեր ինքնությունն է, մեր անձնագիրը: Պետությունը պետք է ազատ հարկային դաշտ ստեղծի այդ ամենի համար»,-ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Բաբայանի համոզմամբ`երբ խոսում ենք թատրոնի զարգացումից, հաճախ միայն մտածում ենք բեմադրվող նոր ներկայացումների մասին, այնինչ հաշվի չենք առում, որ Հայաստանում նոր թատրոններ ու թատերախմբեր չեն ստեղծվում, ուրեմն օրենսդրական դաշտում ինչ-որ բան այն չէ: «Ստեղծվում են նոր լրատվամիջոցներ, առողջապահական հիմնարկներ, առևտրային կետեր, կրթական օջախներ. սա նշանակում է, որ այս բոլոր ասպարեզներում օրենսդրությունն ազատ ու բնականոն զարգացման հնարավորություններ է ընձեռում: Իսկ մեր թատերարվեստում նման բան չկա։ Բայց չէ՞ որ ամենահետաքրքիր գաղափարները ծնվում են նոր թատերախմբերում, մրցակցության արդյունքում»,-ընդգծեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում