ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 1-ին տոնում է հիմնադրման 85-ամյակը: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Տիկնիկային թատրոնի մեծագույն նվաճումն է համարում այն, որ թատրոնը տարիներ շարունակ ժամանակին համըթաց է քայլում՝ չկորցնելով արդիականությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բաբայանն ասաց, որ թատրոնի խաղացանկում կան ներկայացումներ, որոնք բեմադրվել են դեռ 40 կամ նույնիսկ 50 տարի առաջ: Թատրոն են գալիս տատիկ, պապիկներ, որոնք երեխա ժամանակ են դիտել այդ ներկայացումները:
«Մեր թատրոնը չունի ո՛չ տարիքային, ո՛չ ժանրային սահմանափակում: Տիկնիկային արվեստի բոլոր ձևերեն են կիրառվում: Ներկայացումները խաղում ենք հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով: Կան նաև համր և այլ ներկայացումներ: Ըստ իս՝ սահմանների բացակայությունը ժամանակակից թատրոնի հատկությունն է»,-շեշտեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին առաջին անգամ ներկայացում են խաղացել թատրոնի պատշգամբից, ինչը նույնպես հետաքրքիր է: Բաբայանի հավաստիացմամբ՝ թատրոնը չի կարող սպասել լավ ժամանակների, հարմար ժամանակների, առողջ ժամանակաների, հակառակ դեպքում այն կմահանա: «Թատրոնը պետք է բոլոր ժամանակներում կարողանա պահպանել կապը հանդիսատեսի հետ, ինչը մեր թատրոնը և՛ օնլայն տարբերակով, և՛ անմիջական կապով կարողանում է: Սա մեր ամենամեծ նվաճումն է: Մենք կանք, մենք ժամանակի մեջ ենք, պահանջված ենք, մեծագույն հաճույք ենք ստանում բեմ բարձրանալիս, հանդիսատեսի հետ հաղորդակցվելիս, այլ ոչ թե կոչումներ ստանալիս: Մենք ապրում ենք արվեստով, մշակույթվ»,-շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ թատրոնը անձակուրդում էր և այդ ընթացքում կոսմետիկ վերանորոգում են իրականացնել. բեմն են ներկել, որոշ սենյակներ են բարեկարգել: Այժմ պատրաստվում են բեմադրական աշխատանքների:
«Եթե դու կարողանում ես քո գործունեությամբ հաճույք պատճառել մարդկանց, ուրեմն քո՝ արվեստում լինելն իմաստավորվում է: Արվեստում լինելու ուրիշ արդարացում ես չգիտեմ»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը:
Անժելա Համբարձումյան