«Երևանյան բեսթսելեր». «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հուլիս, 2026
11 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» երկրորդ տեղում է։ «Կարդինալը» վեպը Աղաբաբյանի 12-րդ գիրքն է։ Այն ներկայացնում է մինչև վերջերս հայ ժողովրդից տարբեր պատճառներով «գաղտնի պահված» մի հզոր հայորդու, ժամանակին աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Վատիկանի միակ հայ կարդինալ և Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոս Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանի բացառիկ կյանքի ոդիսականը։ Նա երկու անգամ՝ 1958 և 1963 թթ., Հռոմի պապի ընտրություններում պապի ամենահավանական թեկնածուն էր, սակայն աշխարհի հզորագույն երկրների հետախուզական կառույցների «հատուկ օպերացիաների» արդյունքում Հռոմի պապ չընտրվեց։ Լինելով Վատիկանի երկրորդ դեմքը (1958—1970 թթ.), Աղաջանյանը սփյուռքահայության համար աներևակայելի գործունեություն է ծավալել։ Քեսաբն ու ևս 9 հայկական գյուղեր նրա շնորհիվ փրկվեցին թուրքական ճիրաններից: Բայց նվիրյալ հոգևորականին, որպես հակակոմունիստ, ԽՍՀՄ-ը արգելել էր հայրենիքի հետ ցանկացած շփում։ Այս վեպով հեղինակն ամբողջացնում է մեծ հայորդու, հանրահայտ հոգևորականի տիեզերական ու բացառիկ կերպարը։ Վեպը նաև մի քանի առեղծվածային միջադեպերի բացահայտումներ է անում:
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը երրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Ռաֆայել Մարգարյանի «Մնա ժպիտիս մեջ» գիրքը չորրորդ տեղում է։ Այս պատմությունը «Սպասիր ինձ երկնքում» գրքի շարունակությունն է: Սա պատմություն է հավատալու, և սերը չկորցնելու մասին: Եվ ապացույցն է այն բանի, որ լույսը ծագում է իր ճիշտ ժամանակին, երբ շուրջբոլորը խրթին խավար է։ Ընթերցելով այս պատմությունը՝ կիմանաք, թե ինչ փորձությունների միջով են ստիպված լինում անցնել արդեն սիրված հերոսները. որտեղ են գտնում իրենց հոգին ջերմացնող լույսը... Եվ թե ինչպես է ներկայի ու անցյալի միահյուսումը յուրահատուկ գործվածքի պես պատկերում հանգուցալուծումը...Այս գիրքը ոչ ոքի անտարբեր չի թողնի...
Կոլյա Ստեփանյանի «Որտեղ»-ը հինգերորդ հորիզոնականում է։ 2020 թվականին քսաներկուամյա մոսկվաբնակ Կոլյա Ստեփանյանն ուղևորվեց Հայաստան և ծնողներից գաղտնի ներկայացավ զինվորական հաշվառման: Նրա զինծառայության ընթացքում սկսվեց Քառասունչորսօրյա պատերազմը: «Որտեղ» վավերագրական վեպում Կոլյան պատմում է անձնական փորձառությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին՝ որպես երիտասարդ զինծառայող, որից ոչ մի լուր չկար մարտական գործողությունների մեկնարկից երկու շաբաթ անց, և նա յոթանասուն օր անհետ կորած էր: Որտե՞ղ էր գրողն այդ ընթացքում, ի՞նչ էր տեղի ունենում և ինչպե՞ս մի քանի ծառայակիցների հետ կարողացավ փրկվել: Սա պատմություն է պատերազմի և մարդու՝ ծայրահեղ իրավիճակում գոյատևելու, վախի, մարմնական ցավի և, այդ ամենով հանդերձ, կյանքին կառչած մնալու մասին:
Աննա Առաքելյանի «Սպանիր ներսիդ թիթեռներին» գիրքը վեցերորդ տեղում է։ Գիրքը մարդու ներքին պայքարի մասին է, այն պահի, երբ նա սկսում է հասկանալ, որ իր ներսի գեղեցիկ զգացումները միշտ չէ, որ իրեն դեպի լավն են տանում։ Գիրքը պատմում է մարդու մասին, ով երկար ժամանակ ապրել է հույսերով, իդեալական պատկերացումներով և սիրո մասին ստեղծած պատրանքներով։ Այդ հույսերը նրան ուժ են տվել, բայց միաժամանակ խլել են սթափ մտածելու կարողությունը։ Պատմության առանցքում գալիս է բեկումնային պահը, երբ մարդը ընտրության առաջ է կանգնում։ Կամ շարունակում է ապրել թիթեռներով, սպասումներով ու դատարկ խոստումներով, կամ համարձակվում է ընդունել իրականությունը այնպիսին, ինչպիսին կա։ Թիթեռներին «սպանելը» այստեղ դաժանություն չէ, այլ գիտակցված քայլ՝ հրաժարվել պատրանքներից և սկսել ապրել սթափ ու ազնիվ ինքն իր հետ։
Գոհար Նավասարդյանի «Սերը» գիրքը յոթերորդ տեղում է։ Սերը հաճախ փորձություններ է դնում այն սրտի առջեւ, որի մեջ բույն է դրել: Մեկն իր սիրուն հասնում է առանց ջանք գործադրելու, մյուսն անում է անհնարինը՝ պատմությունը կիսատ չթողնելու համար։ Մեկին ամեն ինչ հեշտ է տրվում, մյուսին" անասելի դժվար: Այս գիրքը մի սիրո պատմության մասին է, որը, հազիվ սկսված, հարկադրաբար ավարտվում է, սակայն այն անկեղծ զգացմունքները, որոնք խոր արմատներ էին տվել, չեն կարողանում տարիների ընթացքում ոչնչանալ: Կունենա՞ արդյոք իմաստ տարիներով սպասելը, կստացվի՞ սրտում տեղ բացել նոր սիրո համար, ի՞նչ դեր կստանձնի այս հարցում հավատն առ Աստված: Այս հարցերի պատասխաններն են սույն վիպակում: Սյուժեն կառուցված է աստվածաշնչյան քսան մեջբերումների հիման վրա, որոնք դարձել են բնաբաններ: Գիրքը նպատակ ունի ընթերցողին ցույց տալ, որ հակառակ սեռի հանդեպ տածած մաքուր սերը հենց Սուրբ գրքում քարոզվող սերը կարող է լինել։ Իր յոթերորդ վիպակով հեղինակն ուզում է ընթերցողին թեկուզ մի փոքր մոտեցնել մեր հավատքին՝ սովորեցնելով սիրել ու ամեն ինչում նախ Աստծո կամքը ցանկանալ: Գրքի բոլոր աստվածաշնչյան մեջբերումներն արված են բացառապես Մայր Աթոռի թարգմանությունից:
Քրիստինա Սիմոնյանի «Լիալուսնի գաղտնիքը» ութերորդ տեղում է։ «Լիալուսնի գաղտնիքը» բացահայտվում է վեպի ամբողջ ճամփորդության ընթացքում՝ քարտեզի նման գծելով հորը փնտրող հերոսուհու ճանապարհը՝ լի խորհելու տեղիք տվող իրադարձություններով, որոնք կողմնացույցի դեր են կատարում իր և ընթերցողի համար։ Ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կերպարում կամ նրա անվան մեջ ինչ-որ իմաստ է թաքնված՝ բանալի, որը բացում է գլուխկոտրուկ հիշեցնող ևս մեկ դուռ։ Իսկ ո՞ւմ է իրականում որոնում մեր հերոսուհին։ Ինչպես առասպելաբան պրոֆեսոր Ջոզեֆ Քեմպբելն է նշում, երբ հերոսը պատմության մեջ ճամփա է ընկնում՝ փնտրելու կորած հորը, այլաբանորեն ուղևորվում է սեփական ինքնությունը գտնելու, սեփական ճակատագիրը կերտելու։ Երբ նա գտնում է հորը, իրականում գտնում է ինքն իրեն։ «Լիալուսնի գաղտնիքը» նաև մտերմիկ պատմություն է ընտանիքի, ընկերության, սիրո, մարդկային փոխհարաբերությունների և կյանքի նուրբ ու խորունկ իրողությունների մասին։ Վեպում հերոսի ճանապարհին կարելի է տեսնել տեղ-տեղ շաղ տված մարգարտահատիկներ, որոնք շեղատառ գրված իմաստուն մտքերի տեսքով ամբողջացնում են գրքի ասելիքը։ Հեղինակը հետևել է արձակագիր Վարդգես Պետրոսյանի խորհրդին՝ «Ձեր հեքիաթն ունեցեք», ու գրել է իր հեքիաթը։
Րաֆֆու «Խենթը» ութերորդ տեղում է։ Րաֆֆու «Խենթը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել է Խ. Սամվելյանը)։
Էդգար Հարությունյանի «Լիլիթ» գիրքը տասներորդ տեղում է։ Մենք սովոր ենք կարծել, թե ողնաշարը պարզապես մարմնի հենարանն է։ Բայց հեղինակի համար այն հիշողության, ցավի և վերածննդի քարտեզն է։ Գիրքը հենց այդ քարտեզի մասին է. 33 պատմություն, որոնք խորհրդանշում են մարդու ողնաշարի 33 ողերը՝ կառուցելով մեր ներքին առանցքը։
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ․ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +2 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 81 |
| 2 | -1 | ![]() | Աշոտ Աղաբաբյան, «Կարդինալը» | հեղ․ հրատ | 74 |
| 3 | +6 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» | հեղ․ հրատ | 45 |
| 4 | * | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Մնա ժպիտիս մեջ» | հեղ․ հրատ | 36 |
| 5 | * | ![]() | Կոլյա Ստեփանյան, «Որտեղ» | Վերնատուն | 31 |
| 6 | * | ![]() | Աննա Առաքելյան, «Սպանիր ներսիդ թիթեռներին» | հեղ․ հրատ | 29 |
| 7 | +2 | ![]() | Գոհար Նավասարդյան, «Սերը» | հեղ․ հրատ | 25 |
| 8 | * | ![]() | Քրիստինա Սիմոնյան, «Լիալուսնի գաղտնիքը» | հեղ. հրատ | 20 |
| 9 | * | ![]() | Րաֆֆի, «Խենթը» | Անտարես | 19 |
| 10 | * | ![]() | Էդգար Հարությունյան, «Լիլիթ» | հեղ. հրատ | 19 |









