«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հուլիս, 2026
9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հուլիսի վաճառքների հիման վրա:
Առաջին տեղում է Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը, որն ութերորդ տեղում է, նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրելով մարդկանց՝ վերածում կենդանի դիակների: Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից և սիրելիներից: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն և շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը: Մայրական կաթը երեխայի առաջին սնունդն է: Գլխավոր հերոսուհին՝ մայրը, դստերը միտումնավոր զրկում է այդ կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը:
Ջոան Հարիսի «Շոկոլադը» երկրորդ տեղում է։ Վեպում պատմում է այն մասին, թե ինչպես փոքրիկ ֆրանսիական Լանսկընե գյուղում երկար տարիներ ոչինչ չէր փոխվում, մինչև մի օր Մեծ Պահքի շեմին, փոփոխական քամու հետ ժամանում են խորհրդավոր անծանոթուհի Վիեն Ռոշենը և իր դուստրը։ Հետաքրքիր է արդյո՞ք Ռոշենը կկարողանա պահել իր շոկոլադի խանութը, այդ խիստ ծիսական պահքերի խստությամբ փոքրիկ գյուղում։
Երրորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։
Չորրորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
Հարուկի Մուրակամիի «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք» հինգերորդ տեղում է։ Հաջիմեն հաջողակ գործարար է, երկու բարի տեր, ունի սիրելի կին և երեխաներ։ Երջանկության համար կարծես ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Բայց նրա կյանքում հայտնվում է Շիմամոտոն՝ պատանեկության տարիների առաջին սերը, որն այդպես էլ չի մոռացվել։ Խախտվում է իրականության և պատրանքի սահմանը։ 1992-ին լույս տեսած այս վեպը սիրո մասին է, կրքի, կյանքը գլխիվայր շրջող ճիշտ և սխալ որոշումների, կորցրած ու բաց չթողած հնարավորությունների մասին, և այս ամենը՝ շաղախվածառեղծվածով ու Մուրակամիի երաժշտական նուրբ ճաշակով։
Վեցերորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։
Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» յոթերորդ տեղում է։ Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...
Դոնատո Կարիզիի «Հոգիների դատարանը» ութերորդ տեղում է։ «Հոգիների դատարանը» իտալացի ժամանակակից գրող Դոնատո Կարիզիի երկրորդ վեպն է։ Իրադարձությունները տեղի են ունենում Հռոմում, որտեղ սերիական մարդասպանի կողմից առևանգված աղջկա անհետացումը քննող խորհրդավոր անձը, հայտնվելով ինտրիգների ու առեղծվածների լաբիրինթոսում, առճակատվում է սեփական երկակի էության հետ։ Վեպում արծարծվում են բարոյականության, կորստի, զղջման, գոյատևման ու մարդկային հոգու տոկունության վերաբերյալ բազմաթիվ հարցեր։
Դանիել Գլաթաուերի «Լավագույնը հյուսիսային քամու դեմ» գիրքը իններորդ տեղում է։ Գլաթաուերի 2006 թվականին լույս տեսած «Լավագույնը հյուսիսային քամու դեմ» վեպը պատմում է տառասխալի պատճառով սկսված էլեկտրոնային նամակագրության մասին, որը շոշափում է ժամանակակից մարդու, վիրտուալ իրականության և դրա հատ նրա հարաբերությունների խնդիրները։ Կա՞ արդյոք ավելի պաշտպանված և մինևնույն ժամանակ անպաշտպան տարածք քան վիրտուալը․․․ «Լավագույնը Հյուսիսային քամու դեմ»-ը ժամանակակից նամակագրական վեպ է, որը ծավալվում է հենց այս տարածքում։ Սխալ մուտքագրված մեկ տառ, և Էմմի Ռոթների էլեկտրոնային նամակները հայտնվում են hոգելեզվաբան Լեո Լայքեի փոստարկղում: Լեոն, այնուամենայնիվ, պատասխանում է և սկսվում է նամակների զվարճալի փոխանակում, որը դառնում է ավելի ու ավելի անձնական, վերածվում կախվածություն․․․ Կբավավարի՞ արդյոք միայն վիրտուալ շփումը, կհամարձակվե՞ն/կխիզախեն արդյոք Լեոն և Էմմին անտեսել խոչընդոտներն ու ծանոթանալ նաև իրական կյանքում ․․․
Տասներորդ տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +1 | ![]() | Նորա Իկստենա, «Մայրական կաթ» | Վերնատուն | 210 |
| 2 | -1 | ![]() | Ջոան Հարիս, «Շոկոլադը» | Դավինչի | 169 |
| 3 | * | ![]() | Ուիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն» | Անտարես | 80 |
| 4 | * | ![]() | Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա» | Անտարես | 70 |
| 5 | -1 | ![]() | Հարուկի Մուրակամի, «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք» | Անտարես | 62 |
| 6 | * | ![]() | Ջորջ Օրուել, «1984» | Անտարես | 55 |
| 7 | * | ![]() | Տոշիկազու Կավագուչի, «Նախքան սուրճը կսառի» | Դավինչի | 39 |
| 8 | * | ![]() | Դոնատո Կարիզի, «Հոգիների դատարանը» | Զանգակ | 31 |
| 9 | նոր | ![]() | Դանիել Գլաթաուեր, «Լավագույնը հյուսիսային քամու դեմ» | Զանգակ | 26 |
| 10 | -2 | ![]() | Ֆրանկ Տիլյե, «Գլուխկոտրուկ» | Դավինչի | 24 |









